Մանկապարտեզներում COVID-19-ով վարակվելու դեպքեր են գրանցվել․ սահմանափակումների վերացման մասին դեռ վաղ է խոսել

Վերջին քննարկումներից մեկի ժամանակ Առողջապահության նախարարությունը աղյուսակներ է ներկայացրել, որտեղ ցույց են տրվել, թե ինչպես է մանկապարտեզների, դպրոցների բացումը և փակումը անդրադառնում համաճարակային իրավիճակի վրա։ Այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում հայտնում է Երևանի ավագանու անդամ Աննա Ջավախյանը։

«Ամեն անգամ, երբ որևէ սահմանափակում հանվում է, 14 օր հետո հիվանդությունների կտրուկ աճ ենք ունենում։ Իսկապես սահմանափակումները ազդում են համաճարակը կառավարելի դարձնելու վրա։ Ե՛վ երեխաների շրջանում, և՛ մեծերի շրջանում գրանցվել են COVID-19-ով վարակվելու դեպքեր։ Մանկապարտեզային տարիքի երեխաները հիմնականում ասիմպտոմ են տանում վարակը։ Եթե մեծը գիտի, որ հիվանդ է, կնստի տանը և այլ կանխարգելիչ միջոցառումներ կիրականացնի, ապա ծնողը չի տեսնում, որ երեխան հիվանդ է, որ հնարավոր է՝ նա վարակ է տանում»,-նշում է ավագանու անդամը։

Հիշեցնենք, որ նոր ընդունելություն մանկապարտեզներում առայժմ չկա: Խնդիրն աշխատանքի վերադառնալ ցանկացող ծնողների համար օրակարգային ու սոցիալական է: Ջավախյանի խոսքով՝ ընդունելության մեկնարկի մասին դեռ վաղ է խոսել։

«Գործող սահմանափակումները թույլ չեն տալիս, որ խմբում լինի 18 երեխայից ավելի: Սա նշանակում է, որ մոտ 4000 ընդունված երեխա կա, որոնք չեն կարողանում հաճախել մանկապարտեզ և շուրջ 15000՝ հերթագրված: Այս առնչությամբ կապի մեջ ենք առողջապահության նախարարության հետ, որպեսզի փորձենք մեծացնել խմբերի թիվը»,-ասել է փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանը, ով համայնքային կրթօջախների խնդիրներին ծանոթացել էր տեղում՝ շենքային պայմաններից մինչև սննդի մատակարարում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել