Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանին: Այս մասին Հանրապետության հրապարակում «Հայահավաքի» ժամանակ հայտարարեց Արշակ Զաքարյանը:
«Այսօր Եռաբլուրում հայտարարության համար, որը հնչել է մոտավորապես այսպես՝ «դավաճանը պետք է պատժվի և ձերբակալվի», այդ հայտարարության պատճառով ԱԱԾ կողմից ձերբակալվել է Վահան Բադասյանը»,- ասաց Արշակ Զաքարյանը:
Հիշեցնենք, որ Հայոց բանակի կազմավորման 29-ամյակի առթիվ այսօր Եռաբլուր զինվորական պանթեոն էր այցելել նաև Վահան Բադասյանը: Վերջինս լրագրողների հետ զրույցում ասաց, որ առաջին հերթին պետք է ազատվել բանակի գլխավոր հրամանատարից, որովհետև նա այլևս պարտության սիմվոլ է, իսկ մեր բանակը պարտված չէ։ Լրագրողի հարցին, թե Փաշինյանին հեռացնելու ի՞նչ ճանապարհ կա, Վահան Բադասյանը պատասխանել էր.
«Տարբեր, ընդհուպ՝ մինչև ֆիզիկապես հեռացնելը, դա ենթադրում է, որ թշնամուն պետք է վերացնենք, ընդհուպ՝ զենքի միջոցով: Ես սպառնալիքի կոչեր եմ անում, գիտակցաբար եմ անում, թող ԱԱԾ-ն ինձ ձերբակալի: Թշնամին ենթակա է ոչնչացման, և դա անհատները պետք է անեն, մեկը՝ ես՝ պատրաստ եմ: Մենք պետք է երկիրը մաքրենք թշնամուց, հետո նոր մյուս հարցերը լուծենք»: