Սահմանվել են շենք-շինություն ներխուժելու դեպքում սեփականության իրավունքի պաշտպանության մեխանիզմները

Կառավարությունը հունվարի 21-ի նիստին որոշում ընդունեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 10-ի N 797-Ն «Ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից ոստիկանությանը լիազորելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։

Հաստատվեց ֆիզիկական անձի ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից ոստիկանությանը լիազորելու, ֆիզիկական և իրավաբանական անձանց հողամասի, շենքի կամ շինության կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը հեռացնելու նպատակով ոստիկանությանը լիազորելու կարգն ու պայմանները։

Բացի այս հաստատվել են նաև պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում, շենքում կամ շինությունում կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը հեռացնելու,  պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ֆիզիկական անձի կամ ֆիզիկական անձի և շարժական գույքի ներխուժումը վերացնելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ազատելու վերաբերյալ պահանջ ներկայացնելու կարգն ու պայմանները։

Հարցը գործադիրի անդամներին ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Մասնավորապես, ներկայումս խնդիր էր առաջանում ոստիկանությանը այդ ներխուժումը վերացնելու մասով լիազորելու հետ կապված, որովհետև առաջանում էին փոխկապակցված այլ հարցեր․ հաճախ ներխուժումը ուղեկցվում էր նաև շարժական գույքի տեղադրմամբ և խնդիր էր առաջանում՝ ինչպես պետք էր այդ հարցերը կարգավորվեն, կամ ոստիկանության ծառայողի լիազորությունները այդ ներխուժումը վերացնելու պարագայում»,-նշեց նախարարը՝ հայտնելով, որ որոշմամբ մանրամասն կարգավորվել են թե՛ ոստիկանությանը դիմելու, թե՛ լիազորելու կարգն ու պայմաններն, թե՛ ներխուժումը վերացնելիս իրավունքներն ու պարտականությունները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ օրենքի և իրավունքի  գերակայությունները շատ առանցքային նշանակություն ունեն իրավակարգի պահպանության և պաշտպանության տեսակետից: «Մենք այս ընթացքում էլ բախվել ենք բազում դեպքերի, երբ ուրիշին պատկանող սեփականության նկատմամբ կատարվել է ոտնձգություն: Բոլորը դա ընդունում են, այսինքն՝ բանավեճ չկա, ըստ էության, որ սեփականությունը պատկանում է x մարդուն, բայց y մարդը որոշակի գործողություն է կատարել նրա նկատմամբ, բայց սեփականությունը վերադարձնելու հետ կապված առաջանում են բազմաթիվ ընթակարգային խնդիրներ: Եվ փաստացի ստացվում է, որ լուռ համաձայնություն կա, որ ապօրինություն է տեղի ունեցել, բայց այդ ապօրինությունը գործնականում վերացնելու համար երբեմն կարող են տարիներ պահանջվել՝ դատական ընթացակարգերով և այլն: Եվ հիմա մենք փորձում ենք այս որոշմամբ հնարավորինս հեշտացնել հարցը, որպեսզի նման բարդություններ չծագեն»,-ասել է կառավարության ղեկավարը:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել