Կառավարության որոշումը՝ պատերազմի ժամանակ վիրավորված անձանց անվճար պրոթեզավորման վերաբերյալ

Կառավարությունը հունվարի 21-ի նիստին հաստատեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած անձանց պրոթեզավորման հատուկ ընթացակարգը։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ ոչ բովանդակային փոփոխություններ կատարելու կարիք կա, և փոփոխություններից հետո քվեարկությունը կկատարվի վաղը՝ հունվարի 22-ին՝ գրավոր կերպով։

Հարցը գործադիրի անդամներին ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

Պրոթեզավորման ծառայությունն իր մեջ կներառի ինչպես պրոթեզի տրամադրումը, այնպես էլ պրոթեզը կրելուն նախապատրաստելը և օգտագործելու հմտությունների սովորեցնելը։

Պետական բյուջեի միջոցներից կփոխհատուցվի պրոթեզների համար սահմանված պետական հավաստագրերի առավելագույն արժեքի չափով, իսկ հավելյալ միջոցները՝ օրենքով չարգելված ֆինանսական այլ՝ ոչ պետական աղբյուրներից:

Որոշումն ուժի մեջ է կմտնի պաշտոնական հրապարակմանը հարջորդող օրվանից և կգործի մինչև 2022 թվականի հունիսի 1-ը:

2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎՆԱՍՎԱԾՔ (ՎԻՐԱՎՈՐՈՒՄ) ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՊՐՈԹԵԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

1. Սույն ընթացակարգով կարգավորվում են 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմում ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած անձանց (այսուհետ՝ շահառու) պրոթեզավորման (վերին կամ ստորին վերջույթի, աչքի, ձայնաստեղծ պրոթեզի) հետ կապված հարաբերությունները:

2. Սույն ընթացակարգով պրոթեզավորման շահառուներ են հանդիսանում ռազմական գործողություններին մասնակցած՝

1) շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պարտադիր և (կամ) պայմանագրային զինծառայողները,
2) ոստիկանության, ազգային անվտանգության համակարգերի ծառայողները և փրկարար ծառայողները,
3) զորահավաքային զորակոչով կանչված զինծառայողները,
4) կամավորականները:

3. Շահառուների պրոթեզավորումն իրականացվում է կարիքի գնահատման հիման վրա՝ հիմք ընդունելով առողջապահության և պաշտպանության նախարարությունների կողմից ներկայացված ցուցակները, որոնք կարող են համալրվել նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ճշգրտված տվյալներով:

4. Շահառուների կարիքի գնահատումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշմամբ սահմանված բուժատեխնիկական հանձնաժողովը և այդ նպատակով ստեղծված բազմամասնագիտական թիմը: Կարիքի գնահատման մեթոդաբանությունը հաստատում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը՝ համաձայնեցնելով առողջապահության նախարարի հետ: Բազմամասնագիտական թիմի կազմը, աշխատակարգը և գործառույթները հաստատում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:

5. Կարիքների գնահատման բազմամասնագիտական թիմի կազմում առնվազն ընդգրկվում են հետևյալ մասնագետները՝

1) օրթոպեդ կամ վնասվածքաբան կամ Ֆիզիոթերապիստ կամ վերականգնողաբան,
2) էրգոթերապիստ,
3) պրոթեզիստ,
4) համակարգող-խորհրդատու՝ այդ թվում միջավայրային մատչելիության ապահովման և աջակցող տեխնոլոգիաների գծով,
5) անհրաժեշտության դեպքում կարող են ընդգրկվել լրացուցիչ՝ նեղ մասնագետներ՝ սուրդոլոգ, տիֆլոմանկավարժ (տարածական կողմնորոշման մասնագետ), հոգեբան և այլն:

6. Շահառուների կարիքի գնահատումը բուժատեխնիկական հանձնաժողովը և բազմամասնագիտական թիմն իրականացնում են տունայցերի միջոցով: Շահառուի ցանկությամբ գնահատումը կարող է իրականացվել նաև բազմամասնագիտական թիմի գտնվելու վայրում:

7. Եթե սույն ընթացակարգի 3-րդ կետով նախատեսված ցուցակներում անձի տվյալները բացակայում են, ապա տվյալ անձի պրոթեզավորումն իրականացվում է պաշտպանության նախարարության, Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության և Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ներկայացված 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցության վերաբերյալ տեղեկանքի հիման վրա՝ համաձայն Ձև 1-ի:

8. Պաշտպանության նախարարության կողմից ներկայացված տեղեկանքը շահառուն ներկայացնում է բուժատեխնիկական հանձնաժողով, որն էլ բազմամասնագիտական թիմի հետ միասին կատարում է կարիքի գնահատում:

9. Գնահատման արդյունքում կազմվում է կարիքի գնահատման եզրակացություն պրոթեզի տեսակի, դրա բաղկացուցիչ մասերի, դետալների տեխնիկակական նկարագրերի մասին, ինչպես նաև անհրաժեշտ այլ աջակցող միջոցների մասին, տեղում կազմակերպվում է շահառուից դիմումի ընդունումը:

10. Շահառուի դիմումի ձևը հաստատում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը: Դիմումն առնվազն պարունակում է շահառուի անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն, հեռախոսահամաըը, անձը հաստատող փաստաթղթի համարը, բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշի կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական քարտի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված՝ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի տվյալները:

11. Բուժատեխնիկական հանձնաժողովը յուրաքանչյուր շահառուի համար կազմում է անհատական հավաստագիր՝ պրոթեզավորման համար, ըստ անհրաժեշտության նաև կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 7-ի N 1151-Ն որոշմամբ սահմանված պետական հավաստագիրը՝ աջակցող այլ միջոցների տրամադրման համար՝ դրա մասին գրավոր և բանավոր տեղեկացնելով շահառուին: Բուժատեխնիկական հանձնաժողովը շահառուին ուղարկում է պրոթեզավորում իրականացնող և աջակցող միջոցներ տրամադրող՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ սահմանված կարգով պայմանագիր կնքած կազմակերպությունների (այսուհետ՝ Կազմակերպություն) ցանկը, կոնտակտային տվյալները: Բուժատեխնիկական հանձնաժողովն ապահովում է անհատական հավաստագրի մուտքագրումը պրոթեզաօրթոպեդիկ և վերականգողական պարագաների տրամադրման տեղեկատվական համակարգ՝ ամրագրելով հաջորդ ստանալու ժամկետը՝ համաձայն կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի:

12. Անհատական հավաստագիրը պետական բյուջեի միջոցների և օրենքով չարգելված այլ՝ ոչ պետական միջոցների մասով պետության և դոնոր կազմակերպությունների կողմից ֆինանսական փոխհատուցման համար հիմք հանդիսացող փաստաթուղթ է:

13. Շահառուն իր նախընտրությամբ դիմում է որևէ կազմակերպություն՝ անհատական հավաստագրով երաշխավորված պրոթեզավորումը, պրոթեզը կրելու հմտությունների ուսուցումը և աջակցող միջոցներն ստանալու համար՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթը:

14․ Պրոթեզը կրելու հմտությունների ուսուցումը Կազմակերպությունն ապահովում է համապատասխան մասնագետների միջոցով:

15. Կազմակերպությունը յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա մինչև 10-ը նախարարություն է նարկայացնում հաշվետվություն կատարված աշխատանքների մասին: Նախարարությունը փոխհատուցում է պետական բյուջեով նախատեսված պրոթեզների հավաստագրի համար սահմանված արժեքի չափով, իսկ հավելավճարի մասով փոխհատուցելու համար հաշվետվությունը և կից գրությունն ուղարկում է դոնոր կազմակերպություն: Վերջինս հավելավճարի չափով սահմանված գումարը փոխանցում է Կազմակերպությանը:

Նշվեց նաև այն մասին, որ հարկ կա վիրավորում ստացած անձանց օգնել կրթություն ստանալ, ինչին ուղղված ծրագրեր կիրականացվեն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել