Հանրապետության բոլոր բնակավայրերում արդեն ընդհանուր առմամբ վերականգնված է շուրջօրյա էլեկտրամատակարարումը․ Արայիկ Հարությունյան

Մարտունու շրջանի Բերդաշենի ենթաշրջանում ևս ավարտվեցին Էլեկտրաէներգիայի կանոնավոր մատակարարման ապահովմանն ուղղված աշխատանքները: Այս մասին հայտնում է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Այսպիսով կարող ենք փաստել, որ Հանրապետության բոլոր բնակավայրերում արդեն ընդհանուր առմամբ վերականգնված է շուրջօրյա էլեկտրամատակարարումը, և մնացել է վերջնականորեն կարգավորել համապատասխան հզորության ապահովման խնդիրը: Ամբողջությամբ վերականգնված է նաև գազամատակարարումը, իսկ կապի ու հեռահաղորդակցության բնագավառում դեռևս զգալի աշխատանքներ կան կատարելու:

Պատերազմական գործողությունների հետևանքով ոչնչացվել կամ վնասվել էին Արցախի էլեկտրամատակարարման գրեթե բոլոր ենթակայաններն ու ցանցի բազմաթիվ հատվածներ: Այդուհանդերձ, շնորհիվ համակարգի աշխատակիցների նվիրված ու արհեստավարժ աշխատանքի՝ անգամ պատերազմական թեժ պայմաններում հնարավոր է դարձել երաշխավորել կայուն էլեկտրամատակարարում բնակավայրերի հիմնական մասում: Մենք խորապես երախտապարտ ենք ենթակառուցվածքային համակարգերի բոլոր այն աշխատակիցներին, որոնք, անտեսելով բոլոր վտանգներն ու դժվարությունները, նաև իրենց կյանքի գնով ապահովել են կենսական պայմաններն Արցախում»,-նշվում է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել