ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է․
«ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ռազմաքաղաքական գործչին ոչ բնորոշ ավելորդ գացմունքայնություն ցուցաբերելով և ցավալիորեն խեղաթյուրելով փաստերը՝ այսօր ՀՀ գլխավոր դատախազին ուղղված հրապարակային գրառում է կատարել, որի բովանդակությունը անկեղծ տարակուսանքի տեղիք է տալիս:
Նախ՝ տարակուսանքով պարոն Օհանյանի գրառումից պարզեցինք, որ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ՀՀ գլխավոր դատախազը Արդբեջանի գլխավոր դատախազի հետ ինչ-որ փաստաթղթեր է ստորագրել: Հավանաբար այս ակնհայտ սուտը ճշմարտանման դարձնելու մղումն է եղել պատճառը, որ հարգելի պարոն Օհանյանը չի բացահայտել գոյություն չունեցող «ստորագրված փաստաթղթի» բովանդակությունը կամ գոնե ուղղվածությունը: Իրականում, ինչպես հրապարակվել է, փաստաթուղթ ստորագրվել է ՌԴ և ՀՀ գլխավոր դատախազությունների միջև՝ այն էլ բացառապես երկու գերատեսչությունների միջև համագործակցության վերաբերյալ:
Տարակուսանքով պարզեցինք նաև, որ ՀՀ գլխավոր դատախազը Ադրբեջանի իրավասու մարմինների կողմից ՀՀ և ԱՀ պաշտոնատար անձանց նկատմամբ ԱՊՀ-ի խողովակներով ապօրինի հետախուզումների հարցը քննարկել է Ադրբջանի դատախազի հետ: Իրականում, ինչպես պաշոնապես տեղեկացրել ենք, նման հարց բարձրացվել է ՌԴ գլխավոր դատախազի հետ հանդիպման ժամանակ:
Այս իմաստով նույնքան տարակուսելի են պարոն Օհանյանի՝ բառացիորեն օդից վերցրած այն պնդումները, թե «դուք ոչ մի խոսք չասացիք, չարտահայտեցիք ձեր դիրքորոշումը Ադրբեջանի հանցագործ ռազմաքաղաքական իշխանության և իրավական համակարգի, ինչու ոչ, նաև իմ նկատմամբ իրականացված անօրենության վերաբերյալ»։ Եթե նախկին նախարարն առաջնորդվեր իրականությունը ներկայացնելու, այլ ոչ թե ցանկալին իրականության տեղ մատուցելու սկզբունքով, ապա նման պնդումներ անելուց առաջ գոնե կթերթեր պատերազմի ողջ ընթացքում և դրա ավարտից հետո ՀՀ դատախազության պաշտոնական հրապարակումները, որոնք հստակ և միանշանակ որակումներ են պարունակում ինչպես Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության սանձազերծած ագրեիսվ պատերազմի, դրան Թուրքիայի օժանդակության, պատերազմի ընթացքում ադրբեջանական զինուժի իրականացած պատերազմական հանցագործությունների, միջազգային գործընկերների ուշադրությունն այդ ամենի վրա հրավիրելու, հնարավոր բոլոր միջազգային խողովակներն այդ նպատակով օգտագործելու վերաբերյալ, այլ նաև՝ ՀՀ նախկին և ներկա պաշտոնատար անձանց նկատմամբ հարուցված ապօրինի և անհիմն քրեական հետապնդումների, հետախուզումների:
Ադրբեջանական նմանօրինակ ապօրինի գործելաոճի հետևանքները չեզոքացնելու ուղղությամբ ՀՀ դատախազությունը մշտապես, նաև ՌԴ գործընկերների աջակցությամբ, արդյունավետ ջանքեր է գործադրել, որը բազմիցս հանրայնացվել է: Եթե դժվար է ՀՀ դատախազության պաշտոնական կայքում դրանք հայտնաբերել, կարող ենք հաղորդագրությունների ամբողջ փաթեթը սիրով ուղարկել գրառման հեղինակին:
Ամենացավալին, սակայն, այն արձանագրումն է, որ որպես պաշտպանության նախարար՝ իր պաշտոնավարման ընթացքում տարբեր ձևաչափերով Ադրբեջանի իր գործընկերոջ հետ հանդիպումների մասնակցած, տասնամյակներ շարունակ արցախյան հիմնահարցի կարգավորմանն ուղղված երկկողմ ու բազմակողմ բանակցություններին, տարբեր տարիներին հենց երկկողմ կամ այլ ձևաչափերով տեղի ուենցած շփումների արդյունքում հայ գերիների փոխանակման ականատես եղած անձի համար կարող է հիմա անընդունելի համարվել նման նուրբ ու չափազանց կարևոր խնդիրների լուծմանը միտված եռակող ձևաչափով ադրբեջանական կողմի հետ շփումները: Եթե նախկին նախարարը համարում է, որ չկա նման հաղորդակցության անհրաժեշտություն, ապա անհասկանալի է՝ նախ ինչու էր նախկինում լռում այդ մասին և ապա՝ ինչ այլընտրանք է առաջարկում:
Իսկ ընդհանրապես, անկախ նրանից՝ կոնյուկտուրային ինչպիսի դիրքորոշում կամ դիրքորոշման փոփոխություն կունանա հարգելի պարոն Օհանյանը, դատախազությունը իր լիազորությունների շրջանակներում ոչ միայն շարունակելու է նշված ուղղություններով իր ջանքերը, ալևս ամեն ինչ անելու է, որպեսզի լուծի այդ հարցը:
Ինչ վերաբերում է իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման կապակցությամբ գրառմամբ արված խիստ սուբյեկտիվ, էմոցիոնալ մեկնաբանություններին, ապա դրանց առթիվ ընդամենը կարելի է ըմբռնում հայտնել:
Ուղղակի ցավալի է տարածում գտած ընկալումը, որ երբևէ ծառայողական պարտքի կատարումը, նաև լավագույն ներդրումը ինդուլգենցիա է ենթադրում: Սա չափազանց վտանգավոր միտում է, որի հետևանքները, ցավոք, կրում ենք»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․
«Պարո՛ն դատախազ
Ես՝ որպես ռազմաքաղաքական գործիչ, ով կանգնած է Արցախի և Հայաստանի պետականության ու բանակի կերտման հիմքում և այսօր էլ խորապես մտահոգ հետևում է հայ գերիների ազատման, վերադարձի գործընթացին, անկեղծորեն չեմ հավատում ո՛չ ձեզ, ո՛չ էլ այս իշխանության ո՛րևէ անդամի, որ կարող եք ներդրում ունենալ միջազգային ասպարեզում մեր պետությանը և նրա հեղինակությանը վերաբերող որևէ հարց հօգուտ Հայաստանի լուծելու համար։
Պարտված իշխանության ներկայացուցիչը չի կարող միջազգային ասպարեզում պաշտպանել ադրբեջանական բանտերում որպես ահաբեկիչներ պահվող հայ ռազմագերիների շահերը, առավել ևս՝ ապահովել նրանց վերադարձը։
Ինչպես կարող է այս իշխանության ներկայացուցիչը խոսել ռազմագերիների մասին, երբ միջազգային ատյաններում որևէ ջանք չի ձեռնարկել՝ Ադրբեջանին խստորեն դատապարտելու 2020թ․ 44-օրյա պատերազմը սանձազերծելու համար՝ միևնույն ժամանակ փաստացի արձանագրելով, որ հենց Ադրբեջանն է սանձազերծել 1992-1994 թթ․ Արցախյան առաջին, 2016 թ․ ապրիլյան քառօրյա պատերազմները, որոնք ուղեկցվել են ռազմական ծանրագույն հանցագործություններով։
Ասեք, ինչպես վերաբերվեմ ձեզ՝ որպես հայ մարդու, երբ գերիների հարցն առանց լուծելու փաստաթղթեր եք ստորագրում Ադրբեջանի դատախազի հետ։
Քմծիծաղով կարդացի միջազգային հետախուզումից ինձ ազատելու ուղղությամբ «ձեր ջանքերը»․ իսկապե՞ս դուք կարծում եք, որ հակամարտող պետության հանցագործ իշխանության դատախազի հետ պետք է քննարկել այդ հարցը։
Հիշեցնեմ իմ «իրավունքները պաշտպանող» դատախազին, որ 2018 թ․ դեկտեմբեր ամսին, երբ իմ դեմ դեռևս քրեական գործ հարուցված չէր, ինձ արգելեցին հատել հայ-վրացական սահմանը՝ կոպտորեն խախտելով ազատ տեղաշարժի իմ իրավունքը, իսկ դատախազությանն ուղղված մեր բողոքներից հետո կոծկվեց այդ հանցագործությունը։
Ձեր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ առավելագույնը կարող էիք «հպարտությամբ» զեկուցել, որ Հայաստանի Հանրապետությունում անձամբ ձեր անմիջական մասնակցությամբ է «ստեղծագործվել» և «կարվել» մարտիմեկյան խայտառակ դատավարությունը, իսկ Շուշիի ազատագրման օրը երեք ռազմաքաղաքական գործիչների, որոնք կանգնած են Արցախի և Հայաստանի պետականության կերտման հիմքում, կանգնեցրել եք «ամենաարդար» դատարանի առաջ։
Պատմության թափանիվը առաջ կընթանա։
Կասկած չունեմ, որ հայ ժողովուրդը կուղղի իր վիրավոր մեջքը, իսկ այս իշխանությունը, որ Ադրբեջանի ղեկավարության հետ հիմքեր է ստեղծում մեր պետականության անկման համար, կանգնելու է ո՛չ միայն միջազգային արդարադատության, այլ առնվազն հայ ժողովրդի և Աստծո՛ դատաստանի առաջ։