Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրող հանձնաժողովի 97 էջանոց զեկույցն ուղարկվել է Արարատ Միրզոյանին

Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման ԱԺ քննիչ հանձնաժողովի 97 էջանոց զեկույցն ուղարկվել է ԱԺ նախագահին: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ եթե իրավապահ մարմինները զեկույցում տեսնեն քրեորեն դատապարտելի արարքներ, ապա դա հետևանք կունենա:

«Անձամբ ես տեսնում եմ թերություններ, որոնք պետք է վերացված լինեին 2016-ի քառօրյա պատերազմից անմիջապես հետո։ Այդ զեկույցը շատ կարևոր է և պետք է հասանելի լինի հանրությանը: Այն պետք է ուսումնասիրվի՝ հասկանալու այն ժամանակվա թերությունները, և իհարկե, լավ կլիներ ներկայացվեր ավելի վաղ, որպեսզի որոշակի դասեր քաղեինք մինչև այս պատերազմի սկսվելը:

Զեկույցում կան փաստեր, որոնք անհրաժեշտ էր արձանագրել հաջորդ պատերազմի համար, և լավ կլիներ, որ մեր պաշտպանական գերատեսչությունը և պետական անվտանգային կառույցները իրենց կարողություններն ուղղեին ավելի շեշտադրված՝ թե՛ սպառազինության կառուցվածքի, թե՛ մարդկային կառավարելիության մակարդակի բարձրացման առումով, որպեսզի ավելի մեծ հաջողություններ արձանագրեինք»,- ասել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել