Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքում բացվել է հալոթերապիայի կենտրոն

Ներքին Գետաշեն համայնքում բացվեց հալոթերապիայի կենտրոն։ Այս մասին հայտնում է Գեղարքունիքի մարզպետարանը։

«Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքում առաջիկայում կգործի հալոթերապիայի կենտրոն, որտեղ աղային բուժման մեթոդով իրենց առողջությունը վերականգնելու հնարավորություն կունենան և մեծահասակները և երոեխաները:

Հունվարի 12-ին կենտրոնի գործարկման նախապատրաստական աշխատանքներին տեղում ծանոթացավ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Ինչպես ներկայացրեց հալոթերապիայի կենտրոնի նախաձեռնող եւ հիմնադիր տնօրեն Սերժիկ Գալստյանը, կենտրոնը իր բովանդակության մեջ առայժմ առաջինն ու միակն է Գեղարքունիքի մարզում:

Աղային թերապիայի ընդունման համար առանձնացված են մեծահասակների եւ փոքրահասակների սենյակները:

Կենտրոնում գործելու են նաեւ արոմատոթերապիայի եւ օքսիգենոթերապիայի սենյակները, որոնցում բուժում կիրականացվի տարբեր եթերային յուղերի եւ թթվածնային կոկտեյլի միջոցով:

Մասնագետի վերապատրաստումից հետո կգործի նաեւ մերսման ծառայությունը, որը կարող է զուգակցվել աղային թերապիայի ընդունման հետ:

«Հալոթերապիայի ընդունումն աշխարհում փորձված եւ արդյունավետ մեթոդ է՝ աղային բացասական իոններով ամենատարբեր հիվանդություններ բուժելու համար: Այն լավագույն միջոցներից մեկն է՝ մարդկանց իմունիտետը բարձրացնելու համար:

Այս մեթոդով կարող են բուժվել վերին շնչուղիների, ֆրունդիտների, ռինիտների, տարբեր բնույթի ալերգիաների, անքնության, մաշկային բորբոքումների հետ կապված հիվանդությունները, հետինսուլտային եւ հետինֆարկտային իրավիճակները, պսորիազները եւ այլ կարգի հիվանդություններ:

Այստեղ կարող են դիմել նաեւ առողջ մարդիկ՝ իրենց իմունիտետը բարձրացնելու եւ սպասվող հիվանդությունները կանխարգելելու համար:

Բուժման կուրսը որոշվում ու նշանակվում է մասնագիտական հետազոտության արդյունքում:

Մատուցվող ծառայությունների վճարը կսահմանվի այնպես, որ այն մի կողմից մատչելի լինի բնակչությանը, մյուս կողմից էլ ցածր լինի մայրաքաղաքում մատուցվող նման կարգի ծառայությունների գների համեմատ:

Մեծահասակների համար մատուցվող թերապիայի տեւողությունը 40 րոպե է, իսկ փոքրերի համար՝ 30 րոպե»,-ներկայացրեց Սերժիկ Գալստյանը:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, կարեւորելով կենտրոնի հիմնադրման նախաձեռնությունը, հույս հայտնեց, որ այն կծառայի բնակչության առողջության պահպանման ու բարելավման գործին, մարզի առողջապահական համակարգի զարգացմանը:

«Փաստորեն մեր մարզում ներդրվում է բուժման նոր մեթոդ, որն իր տեսակի մեջ առայժմ ոչ միայն միակն է, այլ նաեւ պահանջված ու կարեւոր է: Կարծում եմ, որ կենտրոնը կաշխատի արդյունավետ, բնակչությանը կմատուցի բարձրորակ ծառայություն, կունենա զարգացման լուրջ հեռանկարներ ու ճանաչում, ապահովելով նաև կայուն աշխատատեղեր:

Մեր հնարավորությունների սահմաններում մենք կաջակցենք նման նախաձեռնություններին»,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:

Հալոթերապիայի նորաբաց կենտրոնը գործել կսկսի առաջիկա օրերի ընթացքում»,- ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել