Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը, ովքեր վարակվել են նոր տեսակի կորոնավիրուսով, շնորհակալություն են հայտնում Հայաստանից, Արցախից և Սփյուռքից իրենց ուղղված առողջության ջերմ մաղթանքների և զորակցության խոսքերի համար.
«Անչափ զգացված ենք յուրաքանչյուրիդ ուշադրության համար: Աստված պահապան բոլորիս»:
Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։
Հիշեցնենք, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն արձակուրդի շրջանակում Նոր տարին դիմավորել է Լոնդոնում՝ ընտանիքի ու թոռնիկների հետ: Նրա մոտ ի հայտ են եկել նաև նոր տեսակի կորոնավիրուսի ախտանշաններ․ նրա հանձնած թեստը դրական արդյունք է տվել։
Դեկտեմբերի կեսերին Մեծ Բրիտանիայում հայտնաբերվեց SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր մուտացիան։ Ավելի ուշ Միացյալ Թագավորության Խորհրդատվական խորհուրդը նոր և զարգացող շնչառական վիրուսային սպառնալիքների վերաբերյալ հաստատեց, որ երկրում հայտնաբերված կորոնավիրուսի տարբերակը տարածվում է ավելի արագ տեմպերով և պահանջում է էլ ավելի զգուշություն բնակչության կողմից: Չնայած վիրուսի նոր տարբերակը, ըստ նախնական գնահատականների, կարող է 70% -ով ավելի վարակիչ լինել, քան սովորականը, սակայն դա չի նշանակում, որ այն ավելի վտանգավոր է մահվան կամ հոսպիտալացման տեսանկյունից:
Ավելի վաղ Հարավային Աֆրիկայի առողջապահության նախարարությունը ևս հաղորդել էր, որ գենետիկները հայտնաբերել են կորոնավիրուսի նոր մուտացիա ՝ 501.V2 անվանումով: