Թուրքագետ Վարուժան Գողամյանն իր բլոգում գրել է.
«Ուղիղ մեկ տարի առաջ այսօրը՝ 2020-ի հունվարի 3-ին Իրաքում սպանվեց Իրանի ամենահայտնի ու ամենաազդեցիկ ռազմաքաղաքական գործիչներից Ղասեմ Սուլեյմանին (հենց նա էր պատասխանատու Իրանի տարաշրջանային քաղաքականության համար)։ Դա նշանավորեց մեր տարածաշրջանում՝ Մերձավոր Արևելքում պատերազմի նոր շրջափուլի մեկնարկը։ Դրան հաջորդած մի քանի կարևորագույն իրադարձությունները հուշում էին, որ այդ փուլը անպայմանորեն դիպչելու է նաև մեզ։ Օրինակ հուլիսին, երբ Տավուշում լարված էր, աննախադեպ հակահայկական արշավ էր սկսվել Լիբանանից մինչև Իրան, ինչը նշանակում էր, որ պրոքսի պատերազմը արդեն հասել է մեզ։
Ինչպե՞ս արձագանքեց Հայաստանը։ Նախ դեռ հունվարին իշխանության ներկայացուցիչները վարչապետի գլխավորությամբ Ղ. Սուլեյմանիի սպանության առիթով փորձագիտական հանրության մտահոգությունները ձեռք առան և վերջիններիս որակեցին որպես «տնայնագործ գեոպոլիտիկներ»։ Բնականաբար, ՀՀ կառավարությունը գրեթե ոչ մի գործուն քայլ ձեռք չառավ հնարավոր սցենարներին պատրաստվելու համար (եթե հիշում եք, այդ օրերին իշխանության համար ամենաառաջնային թեման ՍԴ կազմի փոփոխությունն էր)։ Զավեշտալի էր նաև այս առիթով լեռան վրայից վարչապետի «կոչը» Իրանին ու ԱՄՆ-ին խաղաղություն հաստատելու (բնականաբար Իրանի նկատմամբ նման անլուրջ պահվածքը արձանագրվում էր նաև Թեհրանում, ինչը պատասխանը ևս պիտի դրսևորվեր նաև պատերազմի ընթացքում)։ Այս զարգացումների վերաբերյալ լուրջ որևէ մշակում տեղ չգտավ նաև ամռանը հրապարակված «Ազգային անվտանգության ռազմավարություն» անունը կրող փաստաթղթում, որը պետք է ուղանիշայինը լինի նման հարցերում։ Փակ քննարկումներում ևս տարածաշրջանային պրոքսի պատերազմի մասին բարձրաձայնված հարցերի վերաբերյալ ևս գրեթե զրոյական արձագանք էր։ Իշխանություններին այս հարցերը չէին հետաքրքրում, իսկ աշխատանք պահանջող տեղերում կար զրո նախաձեռնողականություն։
Սուլեյմանիի սպանության մեկամյա տարելիցը առիթ է հիշեցնելու, որ այս տարածաշրջանում չկա մի իրադարձություն, որ մեզ վրա ուղղակի կամ անուղղակի ազդեցություն չունենա։ Տարիների ընթացքում մեր անլուրջ մոտեցումը Իրանին կամ Սիրիային հանգեցնում է նրան, որ, օրինակ, Սյունիքի ու Գեղարքունիքի հարևանությամբ այժմ կան սիրիացի ահաբեկիչ վարձկաններ։ Ինչպես ասում են, և սա դեռ ամենը չէ։
Ցանկացած ՀՀ կառավարություն (ում էլ ընտրեք) պարտավոր է ներկայացնել Մերձավոր Արևելքի հետ հարաբերությունների իրական տեսլականը։ Հայաստանի առաջնային խաղադաշտը մեր հարևանությամբ է, ոչ թե Եվրոպայում կամ ԱՄՆ֊ում։ Սա չգիտակցելու դեպքում մեր պետության կործանումն անխուսափելի է։
ՀԻՇԵՑՈւՄ | ՀՀ ներկայիս ապաշնորհ իշխանությունների պատճառով մենք կորցրել ենք մեր հայրենիքի 1/4-ը»: