Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը։
Հիմք ընդունելով «Գնումների մասին» ՀՀ օրենքը, ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, որը վերաբերում է գնումների գործընթացի կազմակերպմանը։
Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ այս որոշմամբ կառավարությունն ընդառաջել է բազմաթիվ ՊՈԱԿ-ների և գերատեսչությունների: Որոշմամբ նշված հաստատություններին թույլ է տրվել մինչև մեկ միլիոն դրամ արժողությամբ ապրանք ձեռք բերելու ժամանակ կատարել ուղղակի գնումներ` առանց մրցույթ անցկացնելու։
Հաջորդ որոշմամբ գործադիրը հաստատել է ՀՀ սահմանադրությամբ և ՀՀ օրենքներով նախատեսված պետական կառավարման մարմինների և պետական հիմնարկների կողմից ձեռք բերվող որոշ ապրանքատեսակների տեխնիկական բնութագրերն ու առավելագույն գները։ Այս որոշման վերաբերյալ նույնպես Տիգրան Սարգսյանը մեկնաբանություններ է արել. «Բոլոր նախարարներն իրենց հսկողության տակ են պահելու այս ընթացակարգը, որովհետև սա իրենց անձնական պատասխանատվության խնդիրն է, – ասել է նա։
ՀՀ ֆինանսների նախարարությունը դուրս է բերել բոլոր այն ապրանքատեսակները, որոնք ամեն տարի մենք ձեռք ենք բերում, կրկնվող ցանկը` գրիչ, ջուր, միս, կարտոֆիլ, վառելիք և այլն։ Հսկող մարմինները հայտնաբերել են, որ շատ հաճախ կրկնվող ապրանքատեսակների ձեռքբերման գինը մրցույթով լինում է ավելի բարձր, քան դուք կարող եք այդ ապրանքը ձեռք բերել խանութում, ինչն անթույլատրելի է: Մեր հանրությունը պետք է վստահ լինի, որ այս ապրանքը ձեռք է բերում այս պահի դրությամբ մանրածախ գներին համահունչ գներով։
Համանման սկզբունք մենք որդեգրելու ենք նաև առողջապահական ծառայություններից օգտվելու ժամանակ։ Եթե նրանց ֆինանսական հաշվետվությունները թերի են կամ աուդիտորը եզրակացություն է տալիս, որ իր կողմից հրապարակված ֆինանսական հաշվետվությունն ունի լրջագույն թերություններ և այդ հաշվետվությունը չի արտահայտում իրականությունը, մենք այդպիսի խոշոր բուժհաստատություններին նույնպես պետք է սև ցուցակում տեսնենք և նրանց նկատմամբ շատ խիստ լինենք»։
ՀՀ ֆինանսների նախարարությանը հանձնարարվել է այս բովանդակությամբ որոշման նախագիծ ներկայացնել կառավարության քննարկմանը։
Աղբյուրը` Իրավաբան.net