Անցյալ շաբաթավերջին Գյումրի կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է հասարակայնության ներկայացուցիչների հետ և քննարկել երկրում ստեղծված իրավիճակը:
Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Առաջնային համարելով երկրի շահը՝ նախագահը մասնավորապես ընդգծել է. «Ինձ համար կարևոր է, որ երկիրը գոնե մի քիչ դնենք ճիշտ ճանապարհի վրա»։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ հանդիպել է վարչապետին, նաև ընդդիմախոսներին, շարունակելու է հանդիպել և փորձելու է բոլորին բերել մի սեղանի շուրջ։ «Առաջին օրվանից, որպես նախագահ, առաջարկել եմ լուծում, որը շատ պարզ է և հասարակ՝ կառավարությունը հրաժարական է տալիս, որովհետև շատ դժվար է շարունակել, երբ պարտվել ես,-ասել է նախագահ Սարգսյանը։ -Ընդ որում, եթե կառավարությունն ընդհանրապես մեղք էլ չունենար, մեկ է, այդ էջը պետք է փակել ու նորից սկսել, որպեսզի հույս տալ, քանի որ մարդիկ հույսով են ապրում։ 1990-ականների սկզբին ոչ գազ կար, ոչ փայտ կար, մարդիկ սոված էին, բայց հույս ունեին, որ կհաղթենք պատերազմը, պետություն կունենանք և այլն։
Երկիրն առաջ տանելու հսկայական ներուժ ունենք։ Եվ եթե այսօր չարթնանանք, չորոշենք մեր «նավթը», մեր հարստությունն օգտագործել, որը դուք եք, մենք ենք, սրանից 5-10 տարի հետո ավելի մեծ պարտություն ենք կրելու։ Մենք այն շատ քիչ ազգերից ենք, որ փոքր պետություն ենք, բայց գլոբալ ազգ, պետք է կարողանանք օգտագործել այդ առավելությունը։
Այս երկուսուկես տարում ինձ համար ամենադժվար բանը եղել է այն, որ ես ամեն օր աշխատել եմ, բայց իմ հնարավորությունների երևի հինգ տոկոսի չափն եմ տվել այս երկրին՝ ես գործադիր նախագահ չեմ։ Իմ միակ գործիքն իմ խոսքն է, իսկ խոսքը՝ մարդկանց հույս տալը։ Իմ երազանքն է՝ ստեղծել պայմաններ, որ հաջորդ սերունդն իր մտածելակերպով, վերաբերմունքով, մշակույթով, նվիրվածությամբ, ազնվությամբ գա իշխանության, և այդ մարդիկ 10, 20 տարի առաջ տանեն երկիրը»։
Հանդիպման մասնակիցներն իրենց տարաբնույթ հարցերն են ուղղել Հանրապետության նախագահին։
«Մենք ունե՞նք առաջիկա ծրագրեր, քայլեր։ Հիմա պետության փրկության հարցն է դրված… »․ մասնակիցներից մեկի այս հարցադրմանը պատասխանելով՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է․ «Ես իմ կարծիքն արտահայտել եմ։ Կա իրավական մեկ ճանապարհ։ Ինչու՞ է անհրաժեշտ, որ կառավարությունը փոխվի։ Սա նախ և առաջ հենց վարչապետին է պետք։ Սրանից հետո ամեն օր խնդիրներ են լինելու, տեղահանվածների, ուտելիքի, վառելիքի, կորոնավիրուսի և ուրիշ հազար ու մի խնդիրներ։ Այս երեխաները, որ վիրավոր վերադարձել են, վաղը որտե՞ղ են աշխատելու, ո՞ր տնտեսության մեջ։ Բնական է՝ այդ բոլոր հարցերը ուղղվելու են կառավարությանը։
Եթե մենք ուզում ենք ունենալ նորմալ ընտրություններ, պետք է Ընտրական օրենսգիրքը փոխենք, Սահմանադրության մեջ փոփոխություն պետք է անենք։ Միակ ձևն այն է, որ պրոֆեսիոնալ կառավարություն լինի, իսկ մնացած բոլոր քաղաքական գործիչները թող պատրաստվեն ընտրություններին՝ մեկ կամ մեկուկես տարի հետո։ Այս մարդիկ պետք է ժամանակ ունենան, որ իրենց կոնսոլիդացնեն, մեջտեղ գան նոր առաջնորդներ, հատկապես երիտասարդները։
Մեկ բան հստակ է՝ չպետք է սուտ խոսենք, չենք կարող ասել՝ ընտրություններ արեցինք, բայց չանենք, կառավարություն ունենք, որին վստահում ենք, բայց իրականում չենք վստահում, Սահմանադրություն ունենք, որ ուրախ ենք, բայց իրականում ուրախ չենք, Ընտրական օրենսգիրք ունենք… Մենք պետք է Ընտրական օրենսգիրքը փոխենք այնպես, որ հավասարակշռված լինի։ Պետք է ձեր ընտրած պատգամավորին ճանաչեք անձամբ։ Նա պետք է պարտավոր լինի հանդիպել իր ընտրողների հետ, ներկայացնել իր արածները։
Մենք պետք է ունենանք ժամանակ, որ փոփոխություններ անենք։ Միևնույն ժամանակ, այսօր մեզ պետք է շատ արագ վերադարձնել հաղթական ոգին»։
«Ի՞նչ անեմ ես, որպես ուսուցիչ, այսօրվա իրականության մեջ»․ հանդիպմանը ներկա մանկավարժներից մեկի հնչեցրած այս հարցադրմանն ի պատասխան՝ նախագահն ասել է, որ ուսուցիչն անում է ամենակարևոր բաներից մեկը՝ երեխաներին է կրթում։ «Այդ երեխաները 10, 20 տարի հետո գուցե նույնիսկ չեն իմանալու՝ այսօր ինչ է կատարվել, մեր երիտասարդներից շատերը չեն հիշում 1988-ը կամ 1990-ականների պատերազմը ։ Սակայն շատ էական է, որ այդ երեխաները, որոնք այսօր ձեր աշակերտներն են, լինեն առողջ և՛ մարմնով, և՛ հոգով ու ճիշտ գիտելիք ստանան,-ասել է նախագահը։ -Դուք ամենակարևոր գործերից մեկն եք անում երկիրն առաջ տանելու համար։ Մեր բոլոր փոփոխությունները պետք է դպրոցից սկսվեն։ Ուսուցիչ բառն ինձ համար նույնքան կարևոր է, ինչպես Գյումրիի համար վարպետն է կամ ուստան։ Վարպետը կամ ուստան միայն այն մարդը չէ, որ ատաղձագործ է, նա նաև մեկն է, որ աշակերտներ ունի, դպրոց է սարքում։ Դուք ձեր գործի վարպետը կամ ուստան եք։
Կա երկու շատ կարևոր խնդիր՝ մարդկանց առողջությունը և կրթությունը, մնացած ամեն ինչը դրանց հետևանքն է։ Դուք առաջնագծում եք գտնվում, պետք է ամեն ինչ անեք, որ երեխաները լավ կրթություն ստանան, ինչքան էլ դժվար լինի, ինչքան էլ այն դասագրքերը, որ օգտագործում եք, լավը չեն։
Կրթությունն ամենակարևոր բանն է։ Նորից եմ ասում՝ դուք պետք է անեք այն, ինչ անում եք։ Դուք պետք է շարունակեք կրթել երեխաներին, որովհետև ուրիշ ճանապարհ չկա։
Դուք չեք պատկերացնում մեր փոսի խորությունը, բայց միևնույնն է, այդ երեխաները չպետք է տանջվեն, նրանք պետք է կրթություն ստանան»։