ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է․
«Շարունակելով քննարկումները միջազգային հարթակներում Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների շահերի ներկայացմանն առնչվող խնդիրների շուրջ՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի, իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանի, Լևոն Գևորգյանի, քաղաքագետ Իրինա Ղափլանյանի հետ:
Հանդիպմանը քննարկվել են պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի կողմից իրականացված՝ մարդու իրավունքների խախտումների և պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության իրավական գործընթացները և միջազգային ատյաններում Հայաստանի և նրա քաղաքացիների շահերի ներկայացմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել այդ ուղղությամբ ձեռնարկվող և ձեռնարկվելիք քայլերին»: