«Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից մշակվել է Փաստահավաք խումբ ստեղծելու մասին նախագիծ․ Էդմոն Մարուքյան

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Պատերազմը մեզնից խլեց ամենաթանկը, պատերազմի հետևանքներին առերեսվելու ենք երկար տարիներ, իսկ պարտությունից քաղած դասերը դեռ պետք է հասկանանք ու խորը վերլուծենք։

Բոլորս ենք ականատես եղել 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո չդադարող իրարամերժ հայտարարություններին, փոխադարձ մեղադրանքներին, պատերազմի հետևանքով մեր առջև ծառացած անվտանգային, քաղաքական ու սոցիալ-տնտեսական խնդիրներին։

Եվ, ըստ այդմ, նպատակ ունենալով վերհանել օբյեկտիվ ճշմարտությունը պատերազմի պատճառների և պատերազմում կրած պարտության վերաբերյալ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից մշակվել է Փաստահավաք խումբ ստեղծելու մասին նախագիծ, ըստ որի՝ փաստահավաք խմբում ներկայացված կլինեն վերջին խորհրդարանական ընտրություններին մասնակցած և առաջին 6 տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերը (3 խորհրդարանական ուժ՝ 4-ական ներկայացուցիչներով, 3 արտախորհրդարանական ուժ՝ 1-ական ներկայացուցիչներով), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը (ընդհանուր՝ 16 անդամ)։

Ըստ նախագծի՝ Փաստահավաք խմբի ուսումնասիրման առարկան է՝

 թշնամու կողմից արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված և 44 օր տևած պատերազմական գործողությունների ընթացքը,
 պատերազմին նախորդող շրջանի իրադարձությունները (այդ թվում՝ դիվանագիտական հարթությունում, սպառազինության ձեռքբերման առումներով և այլն), որոնք կարող էին հիմք ծառայել պատերազմն սկսվելու և այն պարտվելու համար,
 պատերազմից հետո՝ ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն․ Վ․ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի. Հ. Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․ Վ․ Պուտինի կողմից 2020թ. նոյեմբերի 09-ին ստորագրված հայտարարությամբ ստանձնված պարտավորությունների, տեղի ունեցող հանգամանքները, ինչպես նաև Պատերազմի ուղղակի հետևանքը հանդիսացող այլ իրադարձությունները։

Փաստահավաք խմբի անդամներն աշխատելու են հասարակական հիմունքներով։

Փաստահավաք խումբն իր գործունեության արդյունքներով Ազգային ժողովին ներկայացնում է զեկույց (ներառյալ հատուկ կարծիք(ներ)ը՝ առկայության դեպքում), որում ներկայացվում են պատերազմի ընթացքի, նախապատերազմյան և հետպատերազմյան փուլերի իրադարձություններին վերաբերող փաստերի շարադրանքը, դրանք հիմնավորող ապացույցները, դրանց վերաբերյալ Փաստահավաք խմբի անդամներին տրված մեկնաբանությունները:

Բնականաբար մենք գիտակցում ենք, որ այս զեկույցը կարող է ունենալ կարևոր իրավաքաղաքական հետևանքներ և որ դրա շուրջ աշխատանքները պետք է իրականացվեն հնարավորինս անաչառ և մանրամասն, ըստ այդմ՝ Փաստահավաք խմբի աշխատանքների համար նախատեսվել է մինչև 10 ամիս ժամանակ։

Նախագծի օրինակներն արդեն իսկ ուղարկված են վերոնշյալ քաղաքական ուժերին, ինչպես նաև ՄԻՊ գրասենյակ, որտեղից սպասում ենք դիրքորոշում և առաջարկներ, որոնք ի մի բերելով, վերջնական լրամշակված տարբերակը կարող է շրջանառության մեջ դրվել կառավարության որոշման կամ օրենսդրական ակտի նախագծի տեսքով»։

Նկարի նկարագրությունը հասանելի չէ
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել