Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ՀԴԿ և «Ժառանգության» ղեկավարներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին և «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Գագիկ Մարգարյանին:

Կուսակցությունների ղեկավարներն իրենց անհանգստությունն են փոխանցել երկրում և նրա սահմաններին ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ այն համարելով չափազանց մտահոգիչ և վտանգավոր: Նրանք ընդգծել են ճգնաժամային իրավիճակի հանգուցալուծման հրատապությունը՝ նշելով, որ մեր երկրի առջև ներկայումս ծառացած սպառնալիքների պարագայում հապաղումը կարող է ավելի լուրջ վտանգների հանգեցնել: Հայտնելով, որ պաշտպանում են Հանրապետության նախագահի՝ ազգային համաձայնության անցումային կառավարության ձևավորման և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկությունը, նրանք ստեղծված իրավիճակում կարևոր են համարել Հանարապետության նախագահի դերը: Առաջարկ է հնչել կազմակերպել ավելի լայն ձևաչափով հանդիպում իրավիճակից դուրս գալու ուղիները քննարկելու համար:

Անդրադառնալով ներկայացված մտահոգություններին՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է իրավիճակն օրենսդրական ճանապարհով, սահմանադրական եղանակով հանգուցալուծելու կարևորությունը: Մեր երկրի առջև ծառացած լրջագույն ու բազմաբնույթ մարտահարվերների հաղթահարման համար նախագահը կարևորել է պետական ինստիտուտների կայացումը, պետական մտածողությունն ու պետական կարգապահությանը:

Անդրադառնալով ավելի լայն ձևաչափով հանդիպման առաջարկին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ կողմ է ցանկացած ձևաչափով քննարկումներին՝ ավելացնելով, որ պատրաստ է ամեն ջանք գործադրել բոլոր կողմերին մեկ սեղանի շուրջ հավաքելու համար։ «Այսօր ամենակարևորն այս իրավիճակը հաղթահարելն է, որպես երկիր և ժողովուրդ դրանից արժանապատվորեն դուրս գալը»,- ասել է Հանրապետության նախագահը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել