Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հիշում եք չէ, որ Աշոտ Երկաթի ձերբակալման իրավաչափության իմ բողոքը առաջին ատյանում մերժվել էր: Այդ որոշման դեմ ներկայացրել էի վերաքննիչ բողոք: Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը ԴԱՏԱՎՈՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ նախագահությամբ ԲԵԿԱՆԵՑ առաջին ատյանի դատական ակտը` հաստատելով Աշոտ Մինասյանի ձերբակալման ՈՉ ԻՐԱՎԱՉԱՓ լինելու փաստը: Վերաքննիչ քրեական դատարանի հերթական վարպետաց (master class) դասը»:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ի փոխացմամբ՝ Աշոտ Մինասյանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունների ընթացքում և դրա ավարտից անմիջապես հետո, Հայաստանի և Արցախի Հանրապետություններում գործունեություն ծավալած կուսակցությունների ղեկավարների, հակաիշխանական հայացքներ ունեցող քաղաքական գործիչների և նրանց համախոհների հետ պայմանավորվածություններ է ձեռք բերել ապօրինի պահած զենք-զինամթերքը որպես հանցագործության գործիք օգտագործելու միջոցով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով զավթելու իշխանությունը, մասնավորապես՝ պետական գործչի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի գործունեությունը դադարեցնելու նպատակով ապօրինաբար վերջինին դիտավորությամբ կյանքից զրկել և ինչպես այդ կերպ, այնպես էլ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններին՝ քննարկելով նույնիսկ ՀՀ վարչապետին փոխարինող հավանական թեկնածուի վերաբերյալ հարցեր: