Երեքշաբթի՝ ժամը 12:00-ին, Երևանի Հանրապետության հրապարակում տեղի կունենա «Հայրենիքի փրկության շարժման» նախաձեռնած հանրահավաքը: Հանրահավաքի մասնակիցների պահանջը մեկն է` Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Հանրահավաքի կազմակերպիչները կոչ են անում քաղաքացիներին միանալ օր օրի մեծացող ժողովրդական շարժմանը:
Հիշեցնենք, որ ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ շարժումն արագացնելու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացումը։
Մանուկյանի խոսքով՝ դրանից հետո բավականին ծանր ժամանակաշրջան է լինելու Հայաստանի համար, որը ծանրանալու է անցումային կառավարության ուսերին: Թեկնածուի խոսքով՝ անցումային շրջանից հետո նոր փուլ է սկեսելու և դրա մեջ տեղավորվելու են նրանք, ովքեր կարող են հայրենիքին օգուտ բերել: Խոսելով այն մասին, որ «Նիկոլ Փաշինյանին պաշտոնից հեռացնելու քաղաքակիրթ ձեւն արդյունք չի տալու, եւ պետք է այլ տարբերակների դիմել», Վազգեն Մանուկյանն ասել է, թե դեռ պետք է գնալ իրավական ճանապարհով։
«Եթե շատ ժողովուրդ հավաքվի, երեւա, որ մարդիկ իսկապես ուզում են ազատվել իրենից, այդ հարցը կլուծվի»,-մտավորականների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Մանուկյանը։
Դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել էր, որ իր հրաժարականը պահանջող ուժերը ցանկանում են «Հայաստանում ստեղծել անիշխանություն կամ խամաճիկային իշխանություն»:
Նա հարց է ուղղել, թե ինչո՞ւ խորհրդարանական ուժերը չեն պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ 17 կուսակցությունները եւ էլիտայի ներկայացուցիչներն անընդհատ առաջարկում են սցենարներ, որոնք ունեն միայն մի նպատակ՝ ժողովրդին դուրս թողնել պրոցեսից, ընդ որում՝ անվերադարձ։
Նա ասել է, որ այդ քաղաքական ուժերն առաջադրել են վարչապետի թեկնածու, որը չունի ժողովրդի աջակցությունը, չունի հենարան խորհրդարանում եւ, նույնիսկ, հեռանկար՝ արժանանալու ժողովրդի աջակցությանը:
Նրա խոսքով՝ Վազգեն Մանուկյանը չունի լեգիտիմության որևէ աղբյուր և նրա վարչապետ ընտրվելով իշխանությունը պատկանելու է այն ուժերին, որոնք նրան բերել-հասցրել են այդ կարգավիճակին:
«Այն մեկ տարվա ընթացքում, որի մասին ասվում է, վերականգնվելու են ընտրակեղծարարության բոլոր հնարավոր մեխանիզմները»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը: