Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սիրելի հայրենակիցներ, «Իմ Քայլը» դաշինքով Երևանի ավագանու հաջորդ թեկնածուն ես եմ։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ վերցնում եմ մանդատը և դուրս գալիս «Իմ Քայլը» խմբակցությունից։
Տեղեկացնեմ նաև, որ առաջին իսկ հարցը, որով զբաղվելու եմ, ոչ լեգիտիմ քաղաքապետի հրաժարականն է լինելու, ով երբևէ չի էլ եղել լեգիտիմ։ Փաստացի, մենք ունեցել ենք վարչապետ Փաշինյան ու քաղաքապետ Փաշինյան։ Իսկ այս ազգադավ, պետական դավաճանին օր առաջ պետք է ոչ միայն հեռացնել իշխանությունից իր տերերով հանդերձ, այլ նաև պատասխանատվության ենթարկել օրենքի ողջ խստությամբ՝ առանց մեղմացուցիչ հանգամանքների։
Հ.Գ. իսկ 2018 թվականի ֆեյքափոխության, պետական տեռորի ու թալանի համար սերժ սարգսյանն անձամբ պատասխան է տալու. և ոչ միայն սերժ սարգսյանը»։
Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 17-ին էլ նա հրաժարական է ներկայացրել Վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի պաշտոնից՝ նշելով․
«Սիրելի ընկերներ, այսօր հրաժարականի դիմում եմ ներկայացրել վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի պաշտոնից։ Ուրախ եմ, որ լավ թիմում եմ աշխատել։ Չեմ կարծում, թե կրոնական հայացքներս, առաջին նախագահի հասցեին արած արտահայտությունս, «Աշտարակ կաթի» և թերթեր չգնելու պատմությունները, որոնք հասարակական հնչեղություն ստացան, իրենց պատշաճ բացատրությունները չեն ստացել իմ կողմից։ Բայց և այնպես, բոլորս պետք է հաշվի նստենք որոշակի իրողությունների հետ և իրականությանը ճակատ առ ճակատ հանդիպենք։ Իմ աջակցությունն եմ հայտնում ներկայիս գործադիր իշխանությանը։ Ուժերիս ներածին չափով օգնական եմ լինելու նրան։ Լավ մնացեք…
Հ.Գ. խղճիս և Աստծո առաջ ուղիղ եմ»։