ԱԻ նախարարը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչը քննարկել են հետագա համագործակցության ծրագրերը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է․

«ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինին: Հանդիպման նպատակն էր քննարկել Արտակարգ իրավիճակների նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետագա համագործակցության հեռանկարները:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Դմիտրի Մարիասինը նշել է, որ Հայաստանի համար շատ դժվար վերջին երկու ամիսների ընթացքում ՄԱԶԾ-ն իր հնարավորությունների սահմաններում ամեն ինչ արել է աջակցելու Հայաստանի կառավարությանը՝ հումանիտար օգնության առումով:

Միաժամանակ նա վերահաստատել է իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու նախարարության հետ արդեն մեկնարկած ծրագրերը՝ մասնավորապես ազդարարման համակարգերի ներդրման ուղղությամբ:

Նախարար Փիլոյանն ընդգծել է քաղաքացիական պաշտպանության ոլորտում ԱԻՆ-ի որդեգրած նոր առաջնահերթությունները՝ ինչպես պատերազմական իրավիճակներում, այնպես էլ՝ տարերային աղետների դեպքում: Նա կարևորել է նաև սահմանամերձ բնակավայրերի տարածքների ականազերծման ուղղությամբ աշխատանքների իրականացումը: Ա. Փիլոյանը վստահեցրել է, որ ՄԱԶԾ–ի հետ հետագա փոխգործակցությունն ավելի ակտիվ և առարկայական կլինի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել