Ինչպես գիտենք, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա գործունեություն իրականացնելուն պետք է նախորդի համապատասխան փորձաքննությունը, ընդ որում փորձաքննության արդյունքները պետք է դրական լինեն: Այս պահանջի իրականացումն ապահովելու համար սահմանված է վարչական պատասխանատվություն:
Այսպես` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեության իրականացումն առանց փորձաքննական դրական եզրակացության առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` 50 000 դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 100 000 դրամի չափով:
Տուգանքի նշանակման օրվանից մեկամսյա ժամկետում համապատասխան փաստաթղթերի փաթեթը սահմանված կարգով փորձաքննության չներկայացնելու համար նախատեսված է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` 80 000 դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 150 000 դրամի չափով:
Նախատեսվող գործունեության իրականացման ընթացքում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացության փորձաքննական պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` 50 000 դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 100 000 դրամի չափով:
Աղբյուրը` Իրավաբան.net