Նոտարի որակավորման ստուգման (այսուհետ՝ որակավորման ստուգում) համար կարող է դիմել Հայաստանի Հանրապետության գործունակ յուրաքանչյուր քաղաքացի, որն ունի իրավաբան բակալավրի կամ իրավաբան դիպլոմավորված մասնագետի որակավորում, չունի դատվածություն և`
1) անցել է նոտարական գործունեության առնվազն 6 ամսվա ստաժավորում, կամ՝
2) ունի 3 տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան և անցել է նոտարական գործունեության առնվազն 3 ամսվա ստաժավորում, կամ՝
3) չի անցել նոտարական գործունեության ստաժավորում, սակայն ունի իրավաբանի առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան:
2. Որակավորման ստուգումները կազմակերպվում են առնվազն յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով սահմանված կոնկրետ ժամկետներում: Որակավորման ստուգում անցկացնելու մասին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքի, ինչպես նաև https://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային (այսուհետ` www.azdarar.am) կայքի միջոցով հայտնվում է որակավորման ստուգման օրվանից ոչ ուշ, քան 20 օր առաջ: Որակավորման ստուգման մասին տեղեկատվության մեջ նշվում են ստուգման համար համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու վերջին ժամկետն ու վայրը:
Աղբյուրը` Իրավաբան.net