Դեկտեմբերի 9-ից պետք է դադարեցվի աշխատանքը պետական կառավարման և ՏԻ մարմիններում․ Էդգար Ղազարյան

Դեկտեմբերի 9-ից պետք է դադարեցվի աշխատանքը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման բոլոր մարմիններում։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

«Հայաստանում ստեղծված աննախադեպ իրավիճակում չափազանց կարևոր է քաղաքացիական գիտակցումն ու վճռական քայլերը։ Իշխանության եկած քաղաքական գործիչները, աշխատանքի ոչ երկար շրջանում ցույց տվեցին իրենց վնասակար ազդեցությունը հանրային կյանքի վրա, ինչի հետևանքը դարձավ կառավարման ճգնաժամը գրեթե բոլոր ոլորտներում, անտեղի հրահրված պատերազմն իր աղետալի և կործանարար հետևանքներով։ Դա առաջին հերթին զգացել են նախարարություններում, մարզպետարաններում, պետական կառավարման այլ մարմիններում աշխատող քաղաքացիական ծառայողները, պետական ծառայությունների այլ աշխատակիցներ։ Այս ամենը կանխելն առաջին հերթին բխում է նրանց շահերից։

Այս իրավիճակի լավագույն լուծումը քաղաքացիական անհնազանդությունն է։ Բոլոր ծառայողները 2020 թվականի դեկտեմբերի 9-ից, առավոտյան ժամը 09․00-ից կարող են ներկայանալ աշխատավայր, բայց մուտք չգործեն վարչական շենքեր և քաղաքացիական անհնազանդություն իրականացնեն իրենց աշխատավայրերի մուտքի մոտ՝ չարտոնելով քաղաքական պաշտոն զբաղեցնող իրենց ղեկավարների մուտքը վարչական շենքեր։ Ակնկալում եմ, որ այդ գործընթացը պետք է համակարգի Վարչապետի աշխատակազմի Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող, Հայպետծառայողների միության նախագահ Վաչե Քալաշյանը»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել