Քաղավիացիայի պարզաբանումը այն լուրերի մասին, թե Ryanair-ը դեպի Հայաստան թռիչքներ չի իրականացնելու

Մամուլում տարածվող տեղեկությունը, թե իռլանդական հայտնի լոուքոսթեր «Ryanair» ավիաընկերությունը այլևս չի իրականացնելու թռիչքներ դեպի Հայաստան, չի համապատասխանում իրականությանը։ «Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հարցմանն ի պատասխան Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնեցին, որ այժմ ինչպես «Ryanair» ավիաընկերությունը, այնպես էլ մի շարք այլ ըներություններ ժամանակավորապես դադարեցրել են թռիչքները՝ COVID-19 համավարակով պայմանավորված։

Ներկայացնում ենք Հայաստանի քաղաքացիական ավացիայի կոմիտեի պարզաբանումը՝ ամբողջությամբ.

«Հայտնում ենք, որ ինչպես «Ռայանէյր» ավիաընկերությունը, այնպես էլ մի շարք այլ ավիաընկերություններ չեն վերսկսել իրենց չվերթները դեպի Հայաստան՝ COVID-19 համավարակով պայմանավորված։

«Ռայանէյր» ավիաընկերությունը դիմել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե 2020-2021թթ. ձմեռային նավիգացիոն շրջանի համար՝ հոկտեմբերի վերջից մինչև մարտի վերջ ընկած ժամանակահատվածում, մի շարք եվրոպական ուղղություններով թռիչքներ իրականացնելու նպատակով։ Սակայն hամավարակի երկրորդ ալիքի պատճառով, ինչը հանգեցրեց վիճակի վատթարացման ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ Եվրամիության տարածքում, ավիաընկերությունը հայտնել է, որ առայժմ ձեռնպահ է մնում թռիչքներ իրականացնելուց ձմեռային նավիգացիոն շրջանում՝ միաժամանակ հայտնելով, որ պատրաստակամ է թռիչքներ իրականացնել 2021 թ. ամառային նավիգացիոն շրջանում՝ համավարակի հետ կապված իրավիճակի բարելավման դեպքում։

Ավիաընկերության կողմից ձմեռային նավիգացիոն շրջանում թռիչքներ չիրակաացնելը բացառապես պայմանավորված է COVID-19 համավարակով։ Նշենք նաև, որ համավարակի երկրորդ ալիքի պատճառով Եվրամիության տարածքում սահմանվեցին մուտքի սահմանափակումներ և խստացումներ բազմաթիվ երկրների քաղաքացիների համար՝ այդ երկրներում համավարակի տարածման ցուցանիշներից ելնելով, ավելին, առանձին երկրների քաղաքացիների համար գործող սահմանափակումները առավել խստացան։

Վերստին հայտնում ենք, որ ավիաընկերությունը երբևէ չի հայտնել դեպի ՀՀ թռիչքների իրականացման դադարեցման մասին և  պատրաստ է վերսկսելու  թռիչքները դեպի ՀՀ  համավարակի տարածման հետ կապված իրավիճակի բարելավման և դրա հետ կապված գործող սահմանափակումների վերացման պարագայում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել