ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի գլխավորած պատվիրակությունը այցելեց Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու վանական համալիր, որտեղ ծաղկեպսակ զետեղեց ի հիշատակ 1988 թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Նախարարը հանդիպում ունեցավ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ. մտքեր փոխանակվեցին օրակարգային մի շարք հարցերի շուրջ:
Այսօր Այվազյանը կհանդիպի Սերգեյ Լավրովի հետ՝ քննարկելու ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և մյուս ձևաչափերով գործակցության ամբողջ շրջանակը: Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների օրակարգում է նաև նոյեմբերի 10-ի եռակողմ պայմանագրի իրականացումը:
Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունում նշվում է, որ Արա Այվազյանի այցը Մոսկվա կդառնա հագեցած քաղաքական երկխոսության տրամաբանական շարունակությունը, որն ուղղված է երկու երկրի սերտ գործակցության զարգացմանը տարբեր ոլորտներում: