Շրջակա միջավայրի նախարարն այցելել է «Հայանտառի» «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է․

«Աշխատանքային այցի շրջանակում Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն Անտառային կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ա.Պետրոսյանի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Պ․ Ցուգունյանի ուղեկցությամբ այցելեց «Հայանտառի» «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղ:

Նախարարն այստեղ ևս աշխատանքային քննարկում անցկացրեց ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակիցների հետ, քննարկվեցին առկա հիմնախնդիրները, դրանք ճգրիտ գույքագրելու և համապատասխան խողովակներով բարձրաձայելու անհրաժեշտությունը:
Նախարարը ներկայացրեց Անտառային կոմիտեում և «Հայանտառ» ՊՈԱԿ-ում կառավարչական, Անտառային օրենսգրքում նախատեսվող օրենսդրական փոփոխությունների նախագծերը: Պետք է արվի ամեն հնարավորը մեր համատեղ աշխատանքներն ամենակարճ ժամկետներում կանոնակարգելու և ինստիտուցիոնալ հենքի վրա դնելու համար:

Ոլորտում որդեգրած բարեփոխումների արդյունքները և հետագա հաջողությունները պետք է տեսանելի և շոշափելի լինեն բոլորի համար՝ և՛ աշխատակազմի, և՛ հասարակության յուրաքանչյուր անդամի համար: Նախարարը շեշտեց, որ այս համատեքստում չափազանց կարևորում է աշխատավարձերի վերանայման, տեխնիկական վերազինման, մասնագիտական վերապատրաստումների և միջազգային հաջող փորձի ներդրման անհրաժեշտությունը, որի ուղղությամբ նախարարությունը բանակցությունների մեջ է միջազգային գործընկերների հետ:
«Մենք պարտավոր ենք օր առաջ ունենալ ավելի լավ, ապահով ու բարեկեցիկ սոցիալական ու աշխատանքային միջավայր մեր աշխատակիցների համար»,-իր խոսքում հավելեց նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

Պետք է բացառել ստվերային ու արգահատելի այն գործելաոճը, որը նախկինում տեղ է գտել մեր պետական կառավարման համակարգում, մասնավորապես՝ անտառների կառավարման համակարգում:

Նախարարն առանձնահատուկ շեշտեց հողերի վարձակալությունների վարձավճարների վերանայման, առկա պայմանագրերը գույքագրելու, տնտեսվարողների կողմից պետության հանդեպ ապառքերը վերադարձնելու հարցերը: Ղեկավար անձնակազմին հանձնարարվեց հանդիպումներ ունենալ չօգտագործվող հողատարածքների վարձակալների հետ՝ դրանք նոր պայմաններով վարձակալության հանձնելու և ներդրումներ ներգրավելու նպատակով:

Նախարար շրջայց կատարեց ջերմոցային տնկարանի տարածքում:
«Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղը ունի 17 հա տնկարանի տարածք (այս պահին օգտագործվում է 3,3 հա տարածք): Այստեղ ժամանակակից մեթոդներով աճեցվում է փակ արմատային համակարգով բարձրորակ անտառային ծառատեսակների տնկանյութ՝ սոճի, կեչի, խնձորենի, հացենի, որոնք հետագայում տեղափոխվում են անտառային տարածքներ՝ անտառվերականգնման և անտառպատման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։
Այս տարի բաց է թողնվել շուրջ
219. 000 հատ տնկի, որի հիմնական մասը փակ արմատային համակարգով է: Փակ արմտային համակարգով տնկանյութի աճեցումը ամենաարդյունավետ եղանակն է. ապահովում է 99% կպչողականություն:

Այցը եզրափակվեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Մեղրաձորի տեղամասի հատատեղերից մեկի դիտարկմամբ: Այստեղից «Հայանտառը» օրինական կարգով վառելափայտ է տրամադրում տարածաշրջանի բնակչությանը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել