Խորապես հիասթափեցնող էր ՀՀ ԱԳ նորանշանակ նախարարի հետ այսօրվա փակ հանդիպումը․ Արման Բաբաջանյան

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Խորապես հիասթափեցնող էր ՀՀ ԱԳ նորանշանակ նախարարի հետ այսօրվա փակ հանդիպումը։ Արա Այվազյանի պարզունակ ներածական-վերլուծական խոսքը արտաքին քաղաքական կարևորագույն իրողությունների, պատերազմի անխուսափելիության, արտաքին քաղաքական օրակարգի բացակայության, հարևանների և նրանց ռեգիոնալ դերակատարության խիստ մակերեսային պատկերացումների, հայ-թուրքական հարաբերությունների, Եվրամիության և ԱՄՆ-ի անելիքների և մի շարք կարևորագույն հարցերի վերաբերյալ նախարարի մտապատկերը, պատգամավորների կողմից ուղղված հարցերի պատասխանները լրջագույն մտորումների տեղիք են տալիս։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը կարողությունների լրջագույն պակաս ունի։ Դա անհապաղ պետք է լրացնել։ Ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ, որ Հայաստանի արտաքին քաղաքական միտքը այսքան կռնատ և ստեղծարարությունից զուրկ մնա։
Արա Այվազյանի իրավանախորդները իրենց հանցավոր անգործությամբ և նույնքան հանցավոր գործունեությամբ թեև կարողացել են հետաձգել պատերազմը, բայց դրանով հանդերձ ամեն օր սնել են հենց այս պարտությունը։ 44-օրյա պատերազմը, մեր տարածքային և մարդկային կորուստները Վարդան Օսկանյանի, Էդուարդ Նալբանդյանի և Զոհրաբ Մնացականյանի խղճին են։ Նրանց քաղաքական ղեկավարները՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը հավասարապես պատասխանատու են այս մեծ արհավիրքի և մեր պետությունը այս մեծ տապալումին հասցնելու համար։

Պատերազմը բացահայտեց մեր դիվանագիտական մտքի տոտալ սնանկությունը։ Այսպես շարունակել չի կարելի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել