ԱՄՆ դեսպան Թրեյսին փոխվարչապետ Ավինյանին պատրաստակամություն է հայտնել հայ գերիներին հայրենիք վերադարձնելու աշխատանքներում օգնության հարցում

Դեկտեմբերի 4-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին:

Հանդիպման ընթացքում Տիգրան Ավինյանը նշել է, որ կառավարությունը մտադրված է էլ ավելի մեծ թափով առաջ մղել նախորդ տարիներին մեկնարկած բարեփոխումների ծրագիրը, ինչպես նաև այժմ աշխատանք է տարվում հակաճգնաժամային տնտեսական ծրագրի ուղղությամբ:  Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի ներդրումային ու գործարար միջավայրին և թվայնացմանը վերաբերող հարցեր: 

Դեսպան Թրեյսին ասել է, որ հայ-ամերիկյան գործակցությունը ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու ու հայաստանյան բարեփոխումներն առաջ տանելու հարցերում կընձեռի  փոխադարձ բարեկեցության առավել  մեծ հնարավորություններ։

Փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի ու Արցախի իշխանությունները մեծ ջանքեր են գործադրում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակի կարգավորման ուղղությամբ և այս համատեքստում կարևորել է միջազգային գործընկերների, այդ թվում ԱՄՆ-ի աջակցությունը և դրա հետագա ընդլայնումը: Ամերիկյան կողմը ներկայացրել է Միացյալ Նահանգների կողմից ցուցաբերվող հումանիտար աջակցության ընթացիկ աշխատանքները։

Գերիների փոխանակման գործընթացի հետ կապված հարցերի մասին քննարկման ընթացքում Տիգրան Ավինյանն ասել է, որ պետք է կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը: Նա հավելել է, որ հայկական կողմից ամեն ինչ արվում է գործընթացը հնարավորինս արագացնելու համար: Դեսպան Թրեյսին նշել է, որ պատրաստ է կառուցողական երկխոսություն ծավալել փոխվարչապետի հետ այն մասին, թե ինչով կարող է Միացյալ Նահանգները օգտակար լինել այս ջանքերում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել