Ֆրանսիական ընկերությունը 6 ավտոմեքենա. 2 ցիստեռն, 1 կամազ և 3 հատ շտապ օգնության ավտոմեքենա կնվիրի Արցախի փրկարար ծառայությանը․ ԱՀ ԱԻՊԾ

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է․

«Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի հանրապետությունում գործող «Celise care» հասարակական կազմակերպության տնօրեն Ժան Լուի Մեսսաժերին, նրա օգնական Սիլվիա Մորետտիին և կազմակերպության հետ համագործակցող ֆրանսահայ Միքայել Խաչիկյանին:

Մինչև տարեվերջ ֆրանսիական ընկերությունն Արցախի փրկարար ծառայությանը կնվիրի ընդհանուր 6 ավտոմեքենա. 2 ցիստեռն, 1 կամազ և 3 հատ շտապ օգնության ավտոմեքենա՝ նախատեսված փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար:
ԱԻ ծառայության տնօրենը շնորհակալություն է հայտնել կազմակերպության ղեկավար պարոն Մեսսաժերին ցուցաբերած աջակցության, հետպատերազմյան այս դժվար օրերին ծառայությանն օգնելու համար:
Կարեն Սարգսյանը նաև նշել է, որ Արցախի և Ֆրանսիայի տարիների բարեկամության հիմքում միշտ եղել է մարդասիրության խորհուրդը:

Ժան Լուի Մեսսաժերն իր հերթին նշել է, որ հաճելի է համագործակցել մի գերատեսչության հետ, որը հատկապես այս օրերին ամբողջ ներուժով լծված է բնակչությանն օգնելու գործին:

Նա նաև հետաքրքրվել է թե ինչի կարիք ու պակաս ունի հետպատերազմյան Արցախը, հնարավորության սահմաններում աջակցելու համար:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկա օրերին ԱԻ ծառայողների ուղեկցությամբ վերջիններս շրջայց կատարեն Ստեփանակերտում և շրջաններում, տեղում տեսնեն պատերազմի թողած վնասները»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել