Հայ-չինական երիտասարդական կենտրոնի ֆեյսբուքյան էջը հայտնում է․
«Ինչպե՞ս կարող եք ժամանել Չինաստան
Հարգելի քաղաքացիներ,
Հայտնում ենք, որ համաձայն Չինաստանի ԱԳՆ հյուպատոսական վարչությունից ստացված տեղեկության, բոլոր ՉԺՀ ժամանող օտարերկրյա քաղաքացիները, մինչև իրենց երկրի տարածքը լքելը, պարտավոր են հանձնել NAT (nucleic acid test) և IgM (antibody test) թեստեր՝ Հայաստանում ՉԺՀ դեսպանության կողմից լիցենզավորված լաբորատորիայում, որից հետո արդյունքները պետք է վավերացվեն դեսպանության կողմից։
Երրորդ երկրով տեղափոխվող ուղևորները, դեպի Չինաստան թռիչքից առաջ, պարտավոր են երրորդ երկրում ևս հանձնել վերոնշյալ թեստերը, որոնց արդյունքները պետք է վավերացվեն տվյալ երկրում Չինաստանի դեսպանության կողմից։
Այն քաղաքացիները, որոնց 2 թեստերի արդյունքները բացասական կլինեն, կկարողանան դիմել և ստանալ Չինաստանի դեսպանության կողմից հաստատված առողջական վիճակի մասին տեղեկանք՝ այն երկրում, որտեղ հանձնել են թեստերը։ Անհրաժեշտ է, որպեսզի երրորդ երկրում ՉԺՀ դեսպանության կողմից հաստատված թեստերի արդյունքները վավեր լինեն Չինաստան ժամանելուց մինչև 48 ժամ առաջ։
Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք հետևել ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության պաշտոնական կայքին կամ դիմել Հայաստանում Չինաստանի դեսպանության հյուպատոսական բաժին»։