Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակներ ենթակա են պարտադիր լիցենզավորման. ԱԱՏՄ

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հայտնում են.

«Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակներ ևս այսուհետ ենթակա են պարտադիր լիցենզավորման․
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն (ԱԱՏՄ) իրազեկում է՝
ՀՀ կառավարության 2020թ․ հոկտեմբերի 22-ի 1711-Ն որոշմամբ՝ ՀՀ կառավարության 2008 թ․ մարտի 27-ի N 276-Ն որոշումը խմբագրվել է։ Վերջինով սահմանված՝ բժշկական օգնության և սպասարկման տեսակների հավելվածը շարադրվել է նոր խմբագրությամբ՝ լրացվելով։ Հավելվածում ներառվել են բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակներ, որոնք եւս այսուհետ ենթակա են լիցենզավորման, մասնավորապես,

– նմուշառում,
– շարժական նմուշառում,
– շարժական ռենտգենաբանական,
– շարժական ֆլյուորոգրաֆիկ,
– շարժական մամոգրաֆիկ,
– շարժական ուլտրաձայնային,
– շարժական ֆունկցիոնալ ախտորոշիչ,
– շարժական ակնաբանական,
– շարժական ստոմատոլոգիական,
– շարժական պալիատիվ,
– խորհրդատվական։
ՀՀ ԱԱՏՄ-ն իրազեկում է՝ ըստ նոր կարգավորման՝

բժշկական օգնության և սպասարկման լաբորատոր-ախտորոշիչ «նմուշառում» և «շարժական նմուշառում» տեսակներով կարող են լիցենզավորվել ՄԻԱՅՆ բժշկական օգնության և սպասարկման լաբորատոր-ախտորոշիչ որևէ այլ տեսակի լիցենզիայի առկայության դեպքում։

Այսինքն, օրինակ, տնային պայմաններում բուժօգնության այս տեսակներն առանց լիցենզիայի մատուցելը նոր կարգավորմամբ արդեն խախտում է դիտարկվում։
Կառավարության այս որոշմամբ, մասնավորապես, կարգավորվում է նաեւ տնային պայմաններում Covid-թեստավորման կամ բիոլոգիական նմուշների այլ նմուշառումների գործընթացը․ սա կարող են իրականացնել բացառապես շարժական նմուշառման հավելյալ լիցենզավորում ունեցող բժշկական օգնության և սպասարկման կազմակերպությունները։
Միաժամանակ, կառավարության 1711-Ն որոշմամբ՝ բժշկական օգնության և սպասարկման «խորհրդատվական» տեսակով կարող են լիցենզավորվել միայն հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող լիցենզավորված անձինք:

Այսինքն՝ սկսած նոյեմբերի 20-ից (երբ ուժի մեջ է մտել որոշումը) անհրաժեշտ է դադարեցնել արտահիվանդանոցային պայմաններում խորհրդատվական բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցումը։ Այլապես դա կդիտարկվի որպես չլիցենզավորված գործունեություն, ինչը ենթադրում է վարչական պատասխանատվություն։
Կառավարության նույն որոշմամբ՝ երեխաների բուժօգնության ոլորտում բժշկական օգնության և սպասարկման տեսակների անվանումներին ավելացվում է «մանկական» բառը: Այսպիսով՝ 0-18 տարեկան երեխաներին բուժօգնության եւ սպասարկման ցուցաբերումը եւս ենթադրում է լիցենզիայի պարտադիր առկայություն»։

Կառավարության որոշումնը՝  այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել