ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն հայտնում է․
«Խորը ցավով տեղեկացնում ենք, որ այս գիշեր հոգին ավանդել է մեր շատ սիրելի դասախոս, ավագ ընկեր Սամվել Սարգսյանը:
Սամվել Սարգսյանը ԵՊՀ Մաթեմատիկայի և Մեխանիկայի ֆակուլտետի Մեխանիկայի ամբիոնի վարիչն էր:
Նրա վառ կերպարը հավերժ կմնա բոլորիս հիշողություններում:
Հայտնում ենք մեր խորին ցավակցությունները Սամվել Սարգսյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին, գործընկերներն և ուսանողներին:
Հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ 28.11.2020-ին, Դավիթ Բեկ 103 հասցեում գտնվող «Բաքոս» սգո սրահում, ժամը 17։00-ից մինչև 20։00-ն։
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Սամվել Վլադիմիրի Սարգսյանը մեծ ավանդ ուներ Հոծ միջավայրի մեխանիկայի, հոծ միջավայրերում ալիքների տարածման խնդիրների լուծման մոտավոր մեթոդների, սալերի և թաղանթների ոլորտներում։
Սամվել Սարգսյանը Մայր բուհի հնաբնակներից էր: Նա աշխատանքի է անցել Երևանի Պետական Համալսարանի Մեխանիկայի ֆակուլտետի Հոծ Միջավայրի մեխանիկայի ամբիոնում դեռևս 1982թ.-ին: 1983 թ.-ին պաշտպանել է թեկնածուական թեզը և ստացել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1997 թ.-ին ստացել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի աստիճան: 2007թ․-ից հանդիսանում էր ԵՊՀ Մեխանիկայի ամբիոնի վարիչ։
Ս.Վ. Սարգսյանը վաստակաշատ գիտնական լինելուց բացի, աչքի էր ընկնում մարդկային բարձր հատկանիշներով: Բարի, ազնիվ և մաքրամաքուր հոգու տեր գիտնականը սիրված էր ոչ միայն հարազատների և ընկերների, այլ նաև ողջ կոլեկտիվի և ուսանողների կողմից»: