«Առաջին անգամ Արցախի հարցով ելույթի ժամանակ մարմնովս դող անցավ». Էդմոն Մարուքյան

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Առաջին անգամ Արցախի հարցով ելույթի ժամանակ մարմնովս դող անցավ… Քիչ առաջ ավարտվեց ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի նիստը: Նիստին մեր կողմից միայնակ էի. իշխանության ներկայացուցիչը չկարողացավ միանալ:

Նիստում, բնականաբար, առանձին բաժնով նախատեսված էր քննարկում Արցախյան պատերազմի թեմայով և օրեր առաջ ստորագրված փաստաթղթի մասին: Շատ դժվար էր հավաքվել ու կրկին խոսել արցախահայության իրավունքների և ընդհանրապես՝ տեղի ունեցող արհավիրքի մասին, երբ մենք ունենք ստորագրված նման խայտառակ փաստաթուղթ:

Ադրբեջանի պատվիրակը սկզբից խոսեց, երևի պատկերացնում եք՝ ինչ ոճով ու պահվածքով։ Նման պահվածք նրանք երբեք չեն ունեցել ոչ մի միջազգային հարթակում։ Բնականաբար, հիմնարար պատասխան տվեցի նրա ելույթին, բայց էլ ի՜նչ…

Ամբողջ մարմնովս դող անցավ այն փաստից, որ պարտված կողմն եմ ներկայացնում ու բողոքում հումանիտար աղետից, անարդար աշխարհից, ահաբեկիչներից ու էական էլ չի, թե ինչից…

Ամեն դեպքում, ապրեցինք նաև այս օրերը, բայց անսասան է հանոզմունքս, որ մենք կարողանալու ենք բարձր պահել հայ ազգի պատիվը, պաշտպանել Արցախի ժողովրդի բոլոր իրավունքները և հասնել այս խնդրի հայանպաստ լուծման՝ հողի վրա, միջազգային հարթակներում և ապագայում կնքվելիք փաստաթղթերում», գրել է Մարուքյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել