Նոյեմբերի 9-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել ՊՆ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի մասնակցությամբ՝ նշելով․ «Շրջայցի ընթացքում հանդիպել եմ նաև գեներալ Մնացականյանին: Այն մեծածավալ ու անգնահատելի ծառայությունը, որն այս օրերին նա մատուցում է Հայրենիքին, կներկայացվի պատերազմից հետո»։
Այսօր՝ նոյեմբերի 11-ին, Հարությունյանը որոշ մանրամասներ է ներկայացրել, թե ինչու՞ էր շնորհակալություն հայտնում նրան․
«Մեր գեներալ-լեյտենանտ, նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին շնորհակալություն էի հայտնում գիտե՞ք՝ ինչի համար, որ մի քանի օր ամբողջ մի քանի կմ հատվածում համարյա զորք չունեինք, ում դիմում էինք՝ փախչում էին, ինքն էր կառավարում այդ ամբողջ բնագիծը, և իր հմտությամբ, օգտագործելով մեր բանակի հրետանին, կարողացել է ոչ միայն հետ մղել հակառակորդի հարձակումները, այլև տպավորություն ստեղծել, որ այդ ամբողջ երկայնքով ունենք զորք։
Ով վերջին մի քանի օրերին եղել է Շոշի հատվածում՝ ի՞նչ վիճակում էր գտնվում, արդյոք պաշտպանվա՞ծ է եղել մեր այդ սահմանը, որից հետո Ստեփանակերտն էր։ Արդյոք բոլորը պատրա՞ստ էին մեռնել այդ խրամատում, որպեսզի թշնամին չմտնի Ստեփանակերտ, էլ մնացած հատվածները չեմ ասում։ Ինչպես էին թողնում դիրքերը շատ-շատերը, չհրապարակենք ոչ մի բան․․․ բավարարվենք»։