«Տեղեկացնեմ, որ որևէ կուսակցությանը չեմ հարում, ավելին՝ նախկին իշխանություններին էլ եմ քննադատել, ներկա իշխանություններին էլ։ Այսինքն ես այստեղ եմ՝ չկիսելով կուսակցական որևէ գաղափար, ես այստեղ եմ, որովհետև լուրջ վտանգ եմ տեսնում»․ այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, հանրահավաքի ժամանակ ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։
Նա ներկայացրեց իր կարծիքը՝ ստեղծվա իրավիճակի մասին։
«Կարծում եմ, գաղտնիք չեմ հայտնի, եթե պնդեմ, որ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված փաստաթուղթը չի արտահայտում Հայաստանի և Արցախի ժողովուրդների շահերը, ինչպես նա խոստացել էր բազմիցս։ Երկրորդ՝ այս փաստաթուղթը ստորագրվեց գաղտնիության պայմաններում, եթե իրոք սա էր միակ ելքը, որ այս փաստաթղթով պետք է ազգի կործանումը կանխեր, կարծում եմ, մենք իրավունք ունեինք լսելու փաստարկները հիմնավորված և մեր որոշումով գնային այս քայլին։ Մինչդեռ, սա գաղտնիությամբ կատարվեց, որը, բնականաբար մեզ համար մի շարք հարցեր է բարձրացնում։ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված փաստաթղթում Արցախի կարգավիճակի մասին որևէ խոսք չկա, ավելին՝ կան հետևյալ վտանգավոր ձևակերպումները․ նշված է, որ պարտավորություն է նախատեսվել Սյունիքի մարզում Ադրբեջանի և Նախիջևանի համար ճանապարհ ստեծելու մասին։ Նշվել է, որ Քելբաջարը, Լաչինը, Աղդամը վերադարձնելու է Հայաստանը․ տեսեք, ստացվում է, որ Ադրբեջանն իրավական հիմք է դնում, որ վաղը Հայաստանի դեմ պահանջ ներկայացնի։ Ստացվում է, որ Հայաստանն է վերցրել այդ տարածքներն ու ներկայացվել որպես ագրեսոր։ Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը չի լուծում Արցախի հիմնադխնդիրը»,-ասաց Արա Զոհրաբյանը։