Շուշիում մարտերը շարունակվում են, մաքրման աշխատանքներ են կատարվում։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը։
«Գիշերը ռմբակոծվել են մատույցները, որտեղ գտնվում է թշնամին։ Շարժ է նկատվել թշնամու կողմից իրենց բազմաթիվ «պիկապներով», Իսայի աղբյուրի հատվածով, գազի խողովակների կողքով, անձամբ ես եմ այդքանը տեսել, որ շարժվում էին դեպի Իսայի աղբյուր, այդտեղ էլ նրանց ոչնչացրել են»,- ասաց Արծվիկ Սարգսյանը։
Նա ասաց,որ այժմ էլ մարտերը շարունակվում են Շուշիի մատույցներում։ Նրա խոսքով` Շուշիի համար ամբողջ հայությունն է պայքարում, Շուշին մնալու է հայկական ու վերակառուցվելու է կայծակնային արագությամբ։
Արծվիկ Սարգսյանը նաև նշեց,որ Շուշին պատմության մեջ մի քանի անգամ նման հարվածների ենթարկվել ու ոտքի է կանգնել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 50 քաղաքացիական անձ, վիրավորվել է 148 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։