Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հայտնում է.
«Նոյեմբերի 6-ը ՄԱԿ-ի «Պատերազմներում և զինված բախումներում շրջակա միջավայրի շահագործումը կանխելու» միջազգային օրն է
Օրվա համատեքստում հարկ ենք համարում անդրադառնալ Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հրահրված պատերազմի օրերին Արցախի և Հայաստանի Հանրապետությունների՝ անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրետակոծությունների և քիմիական տարր պարունակող ֆոսֆորային ռումբերի կիրառման հետևանքով առաջացած բնապահպանական վնասներին։
Այսպես՝ պատերազմի ավելի քան 40 օրերի ընթացքում Ադրբեջանի կողմից որդեգրած հակաբնապահպանական ռազմավարության հետևանքով Արցախի Հանրապետության տարածքում նախնական տվյալներով ոչնչացվել է ավելի քան 1800 հեկտար անտառածածկ տարածք։ Նմանօրինակ գործելաոճը շարունակվում է մինչ օրս։ Անտառային հրդեհները, որպես մարտավարական խնդիրների լուծման միջոց կիրառող ադրբեջանական կողմն իր գործողություններով ոչ միայն խախտում է միջազգային մի շարք կոնվենցիաներ, այլև ուղղակիորեն ոչնչացնում է տարածաշրջանի էկոհամակարգի կարևորագույն օղակներից մեկն ու կարմիրգրքյան կենդանատեսակների արեալ հանդիսացող տարածքները։
Ադրբեջանական կողմի բարբարոսական գործողությունների արդյունքում տուժել են նաև Հայաստանի Հանրապետության տարածքի անտառային խոշոր հատվածներ, այդ թվում նաև բնության հատուկ պահպանվող տարածքներ։
Այս պահին առկա տվյալներով ՀՀ և ԱՀ տարածքում, ընդհանուր առմամբ, վնասվել է ավելի քան 2000 հա անտառածածկ և բուսածածկ տարածք, այդ թվում՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում։
Բացի այդ, վերջին շրջանում Ադրբեջանը սկսեց ակտիվորեն կիրառել նաև բնապահպանական լրջագույն ռիսկեր առաջացնող, քիմիական տարր պարունակող ֆոսֆորային զինատեսակներ, որոնք կարող են ոչ միայն անդառնալի հետևանքներ ունենալ մարդու օրգանիզմի վրա, այլև աղետալի ազդեցություն՝ շրջակա միջավայրի համար»։