Նախ նշենք, որ Հայաստանի Հանրապետության ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է, որը կարող է տրամադրվել օգտագործման միայն երկրաբանական ուսումնասիրությունների և օգտակար հանածոների արդյունահանման նպատակներով:
Ընդերքի տեղամասերը չեն կարող լինել առքուվաճառքի, գրավի առարկա կամ օտարվել այլ ձևով:
Օգտակար հանածոյի (բացառությամբ ստորերկրյա քաղցրահամ և հանքային ջրերի) արդյունահանման համար լեռնահատկացումը տրվում է ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման հետ միաժամանակ և ընդերքօգտագործման իրավունքի բաղկացուցիչ մասն է:
Լեռնահատկացումը կատարվում է հանքարդյունահանման նախագծի համաձայն:
Ընդերքօգտագործողը լեռնահատկացման սահմաններում ունի գործունեության բացառիկ իրավունք:
Ընդերքօգտագործողն իրավունք ունի ընդերքօգտագործման հետ կապված գործունեությունը ծավալելու միայն ընդերքի այն տեղամասի սահմաններում, որը որոշված է լեռնահատկացմամբ:
Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող անձն իրավունք ունի լեռնահատկացման ակտով որոշված ընդերքի տեղամասի սահմաններում իրականացնելու երկրաբանական ուսումնասիրություն` տեղյակ պահելով լիազոր մարմնին:
Աղբյուրը` Իրավաբան.net