Շուշիի հարակից գյուղերում և անտառներում շարունակվում են դիվերսիաների հարձակումները և հայկական կողմի «Գյոռբագյոռ-2020» գործողությունը, դիվերսանտները մի քանի հոգանոց խմբերով փորձում են ժայռեր մագլցելով մտնել քաղաք ու դրոշ դնել, չի ստացվում, Առաջին ալիքի եթերում ասել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նշել է, որ դիվերսանտներով հարձակման եղանակով քաղաքը գրավել չեն կարող, սակայն ուզում են Շուշիում ադրբեջանական դրոշ դնել՝ քարոզչական նպատակներով․ «Մագլցողները փոքր խմբեր են՝ 5-10 հոգանոց, խփում ես, կոպիտ ասած, փռում ես, մոտենում ենք, տեսնում ենք՝ բոլորի գրպանները դրոշ կա։ Պարզ է, չէ՞, որ խայտառակ վիճակ է, սիմվոլիկ մի բան են ուզում անել»,- նշել է նա՝ հավելելով, որ Ադրբեջանում նոյեմբերի 9-ը դրոշի օրն է։
Հովհաննիսյանի խոսքով՝ Ալիևը ներկայացնում է, որ իրենք հարձակվում են Շուշիի վրա, սակայն հարձակման նման ձև ինքն առաջին անգամ է տեսնում․ «Ես այդպիսի պատերազմի ձև չգիտեմ, որ հարձակվողին գնաս, փնտրես, գտնես, ոչնչացնես։ 15-20 հոգանոց խմբեր են, մենք իրենց գտնում ենք, 1-2-ին խփում ենք, մյուսները փախչում են այլ ուղղությամբ։ Այդ խմբերը թաքնվում են խիտ անտառներում, փորձում մեկ այլ ուղղությամբ գրոհել»։
Հովհաննիսյանի խոսքով՝ իրավիճակն ադրբեջանական կողմի համար կարող էր բարենպաստ լինել միայն այն դեպքում, եթե Մարտունու ուղղությամբ ճեղքում կարողանային իրականացնել, սակայն 3-4 օր փորձեցին՝ չստացվեց։ Նշանակում է՝ իրենց առանձին խմբերի կոտորվելու գործընթացը շարունակվելու է։