Առանց փաստաթղթերի առկայության և որևէ այլ խնդիրների ուսումնական պրոցեսին մասնակցությունը կապահովվի․ Ժաննա Անդրեասյան

Նոյեմբերի 5-ը դպրոցներում բռնության և ահաբեկելու դեմ պայքարի միջազգային օրն է: Այս թեմայով այսօր՝ նոյեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով, Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ից պատերազմական գործողությունների սանձազերծման հետևանքով կրթությունից զրկված արցախցի երեխաների կրթության իրավունքին:

«Առաջին իսկ օրվանից քայլեր ենք ձեռնարկել սահմանամերձ համայքների երեխաների կարիքները գույքագրելու, անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով ապահովելու ուղղությամբ: Մարզերից ստացել ենք համապատասխան կարիքները և հենց առաջին մի քանի օրերի ընթացքում ապահովել ենք անհրաժեշտ սարքավորումներով»,-ասաց Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ նոր իրավիճակով պայմանավորված առաջացել է ուսուցիչների խնդիր, ԿԳՄՍ նախարարությունն առաջնահերթությունը կտա Արցախից ժամանած ուսուցիչներին և նրանք կընդգրկվեն արցախցի երեխաների կրթության գործընթացում: Անդրեասյանը նշեց, որ ուսումնարանում, քոլեջներում և բուհերում սովորող ուսանողները ևս կշարունակեն իրենց կրթությունը Հայաստանի համապատասխան հաստատություններում:

Փոխնախարարը ներկայացրեց, թե ինչպես Արցախից եկած քաղաքացիները պետք է դիմեն՝ կրթական հաստատություններում ընդգրկվելու համար:

«Կարևոր է դիմել պետական որևէ օղակի: Եթե մարդկանց հարմար է առաջին հերթին դիմել համայնքապետարան, ապա կարող են այդ օղակի միջոցով կապվել կամ կարող են միանգամից դիմել ամենամոտ դպրոցին: Ինչ վերաբերում է քոլեջներին, ուսումնարաններին և բուհերին, ապա այստեղ կարևոր է տեղեկացնել նախարարությանը և մենք կփորձենք միանգամից այդ հարցերը կարգավորել, առանց փաստաթղթերի առկայության և որևէ այլ խնդիրների ուսումնական պրոցեսին մասնակցությունը ապահովում է: Գիտենք, որ դասընթացներն անցկացվում են հեռավար ձևաչափով»,- ասաց Անդրեասյանը:

Նա ասաց, որ խոսքը չի գնում ֆորմալ տեղափոխության մասին, այսինքն Արցախի բուհերից Հայաստանի բուհեր, ուղղակի նրանք կմասնակցեն դասապրոցեսներին: Դա հնարավորություն կտա նրանց չընդհատել կրթությունը և դասապրոցեսի ավարտին ակադեմիական տեղեկանքով վերադառնալ իրենց կրթական հաստատություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել