Չի համապատասխանում իրականությանը այն հայտարարությունները, թե մարդիկ դրսում են մնում և մնալու տեղ չունեն․ Բաթոյան

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, լրագրողների հետ ճեպազրույցում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն անդրադարձավ Մարդու Իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի այն գրառմանը, որով վերջինս հորդորում էր նախարարությանը իրենց հետ ճիշտ համագործակցել և գիտակցել սեփական կարգավիճակի լրջությունը, լինել տեղում:

«Ես չգիտեմ ինչու է պարոն Թաթոյանը նման հայտարարություն արել: Մենք աշխատել ենք ինչպես որ բոլոր պետական մարմիններն են աշխատում և ավելի սերտ, որովհետև մենք հատկապես քաղաքացիների իրավունքների պաշտպանության տեսանկյունից շատ ավելի ընդհանուր եզրեր ունենք, և մշտական հեռախոսազրույցների մեջ ենք, նամակագրության, ոչ պաշտոնական քննարկումների, այնպես որ չեմ կարող մեկնաբանել այս պահին այդ գրառումը»,- ասաց Զարուհի Բաթոյանը:

Նա նաև անդրադարձավ Արցախից եկած բազմաթիվ ընտանիքների խնդիրներին և այն հարցին, որ շատերը բողոքում են, թե 114 թեժ գծին չեն պատասխանում և իրենց հարցերը բավարար պատասխան չեն ստանում:

«Նշեմ, որ հեռախոսահամարների, մասնավորապես 114 թեժ գծի չպատասխանելը՝ չի համապատասխանում իրականությանը: Չի համապատասխանում իրականությանը նաև այն հայտարարությունները, թե մարդիկ դրսում են մնում և մնալու տեղ չունեն: Անձամբ գնացել եմ այս հայտարարությունների հետքերով, պարզապես պարզել ենք, որ  մարդիկ ունեն կացարան, բայց ավելի լավ տարբերակն են ցանկանում ունենալ: Ցավոք, մեր հնարավորությունները, ՀՀ-ի հնարավորությունները, սահմանափակ են բոլորին իրենց կարիքներին և ցանկություններին համապատասխան կացարաններ տրամադրելու համար: Մենք առաջին հերթին պետք է լուծենք քաղաքացիների տանիք ունենալու, սնունդով և հագուստով ապահովելու հարցը: Այս հարցերը մենք լուծում ենք և այս պահին տեղի և կացարանի խնդիր չունենք: Բացառված է, որ Արցախի քաղաքացին գիշերի դրսում»,- ասաց նախարարը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել