Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովում մասնակցել է Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումներին նվիրված քննարկմանը։
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով IRNA գործակալությունը, նիստի ընթացքում Զարիֆը հայտարարել է․ «Հենց հիմա փոխարտգործնախարարը Արևելյան Ատրպատականում է, այցելում է Խոդաֆարինի ջրամբար, ինչից հետո Բաքու, Մոսկվա և Երևան է մեկնելու։ Իրանը ԼՂ հակամարտության մշտական կարգավորման համար նախագիծ է մշակել, որն այսօր-վաղը կներկայացվի, և հետո Մոսկվայում և Երևանում ևս հետամուտ կլինենք»։
Զարիֆը հավելել է, որ իրենց անհանգստացնում է տարածաշրջանում թաքֆիրի ահաբեկիչների և նաև այլ ահաբեկիչների ներկայությունը: «Այս առնչությամբ մենք հստակ ասել ենք, որ դա Իրանի Իսլամական Հանրապետության համար անընդունելի է»,- ասել է նա։