Երևանի պետական համալսարանը հայտարարում է․
«Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ ուսանողներ,
Այսօր առավել, քան երբևէ կարևոր է, որ յուրաքանչյուրս մեր դիրքում ամուր և տոկուն լինենք և կատարենք մեր պարտքը, չընկրկենք ո՛չ մարտի դաշտում, ո՛չ էլ թիկունքում՝ հատկապես կրթվելու մեր իրավունքն իրացնելիս։
ԵՊՀ գիտական խորհուրդը, հաշվի առնելով «ԵՊՀ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսումնական գործընթացի կազմակերպման կարգի» 3.1. և 3.2. կետերով սահմանված ընթացիկ քննությունների անցկացման պահանջը և հիմք ընդունելով ՀՀ կառավարության կողմից 2020թ. սեպտեմբեր 27-ի 1586 – Ն որոշումը Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու մասին, ինչպես նաև դիտարկելով այդ իրավիճակով պայմանավորված ուսանողության մի հատվածի անմիջական մասնակցությունը պատերազմական գործողություններին (այդ թվում՝ կամավորական աշխատանքների կատարումը, բնակությունը սահմանամերձ շրջաններում, ինչպես նաև ապաստարաններում), որոշել է.
2020/2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակի առաջին ընթացիկ քննությունների ժամկետը հետաձգել մեկ շաբաթով, և ընթացիկ քննություններն իրականացնել նոյեմբերի 2-7-ն ընկած ժամանակահատվածում:
Հնարավորություն տալ կրթական ծրագրեր իրականացնող ստորաբաժանումներին կրճատելու ընթացիկ քննությունների քանակը՝ հասցնելով նվազագույնը երեքի (վերոնշյալալ կարգի 2.7. կետ):
Պատերազմական գործողություններին անմիջականորեն մասնակցող, Արցախում կամավորական աշխատանք կատարող, սահմանամերձ շրջաններում, ինչպես նաև ապաստարաններում բնակվող ուսանողներին հնարավորություն տալ հանձնելու ընթացիկ քննություններն իրենց համար սահմանված ժամկետում՝ հիմք ընդունելով նրանց դիմումը»,- ասված է ԵՊՀ հայտարարության մեջ։