Արթուր Դավթյանը մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ-պետությունների գլխավոր դատախազների հերթական տարեկան նիստին

Այսօր կայացել է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ-պետությունների գլխավոր դատախազների հերթական տարեկան առցանց նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազությունից:

Նիստի օրակարգում քննարկված հարցերի շրջանակում Արթուր Դավթյանը մասնակից երկրների դատախազներին ներկայացնել է նաև Ադրբեջանի Հանարպետության կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները:

Մասնավորապես, նա նշել է, որ հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից ավելի քան երեք շաբաթ շարունակվող պատերազմական գործողությունների ընթացքում հրթիռահրետանային միջոցներից, այդ թվում նաև միջազգայնորեն արգելված զինատեսակներից, դիտավորյալ և նպատակաուղղված հարվածների թիրախներ է դարձվել նաև բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի հետևանքով մահացել կամ վիրավորում են ստացել ռազմական գործողությունների հետ որևէ առնչություն չունեցող բազմաթիվ խաղաղ բնակիչներ, այդ թվում նաև մանկահասակ երեխաներ, ինչպես նաև միջազգային պաշտպանության ներքո գտնվող անձինք՝ լրագրողները:

ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է նաև արդեն իսկ միջազգային հանրության կողմից փաստված՝ հակամարտության գոտի միջազգային ահաբեկչական խմբավորումների անդամների, վարձկանների տեղափոխման և Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին և կատարված հանցագործություններին նրանց ներգրավելու իրողությունը: Նա շեշտել է, որ նման հանցավոր վարքագիծը լրջագույն սպառնալիք է ինչպես տարածաշրջանի, այնպես էլ միջազգային անվտանգության համար, քանի որ ահաբեկիչների կործանարար գործունեությունն արդեն իսկ դուրս է եկել հակամատրության գոտուց և ներթափանցում է տարածաշրջանի առանձին երկրներ՝ վերածվելով անկախ սահմաններից խաղաղ բնակչության անվտանգության համար իրական «դամոկլյան սրի»:

Հղում կատարելով այն հանգամանքին, որ Շանհայան համագործակցության կազմակերպության հիմնական նպատակներից մեկը այդ մեծ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ապահովումն է, միջազգային ահաբեկչության համատեղ հակազդումը՝ Արթուր Դավթյանն անթույլատրելի է համարել ռազմական գործողություններին ահաբեկչական տարրի ներգրավումը, խաղաղ բնակիչների, զինծառայողների նկատմամբ ահաբեկիչ ծայրահեղականներին բնորոշ վայրագությունների իրականացումը:

ՀՀ գլխավոր դատախազը հայտնել է ՀՀ դատախազության պատրաստակամությունը համագործակցելու կազմակերպության անդամ երկրների համապատասխան իրավապահ կառույցների հետ ոչ միայն տերածաշրջանային, այլ արդեն իսկ միջազգային հանրությանն սպառնացող ահաբեկչության դեմ ընդհանուր պայքար մղելու գործում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել