Քիչ առաջ ՄԻԵԴ-ը բավարարեց ՀՀ կառավարության պահանջը եւ միջանկյալ միջոց կիրառեց Թուրքիայի նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը։
«Քիչ առաջ ՄԻԵԴ-ը բավարարեց ՀՀ կառավարության պահանջը եւ միջանկյալ միջոց կիրառեց։
Որոշման մեջ մասնավորապես ասված է.
Դատարանը վերահաստատում է միջանկյալ միջոց կիրառելու մասին սեպտեմբերի 29-ի որոշումը եւ կոչ անում բոլոր ուղղակի կամ անուղղակի ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց»,- ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության պահանջը ներկայացվել էր հոկտեմբերի 4-ին։ Պահանջի մեջ նշված էր․
«Մասնավորապես, հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական բնակչության ու օբյեկտների վրա իրականացվող միջազգային մարդասիրական իրավունքի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպտագույն խախտումներով զուգորդված հարձակումներին Թուրքիայի բազմատեսակ աջակցությունը և շարունակական մասնակցությունը պատերազմական գործողություններին՝ Հայաստանի Հանրապետությունը իր և Արցախի Հանրապետության անունից Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ միջոցի կիրառման պահանջ է ներկայացրել ընդդեմ Թուրքիայի»:
ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ որոշում էր կայացրել նաև Հայաստանի առաջին դիմումի մասով: ՄԻԵԴ-ը կոչ էր արել Ադրբեջանին և Հյաաստանին՝ ձեռնպահ մնալ այնպիսի միջոցների գործադրումից, որոնք կարող են առաջացնել քաղաքացիական բնակչության իրավունքների` Կոնվենցիայով նախատեսված խախտումներ: Սա նշանակում է, որ առաջիկայում Հայաստանը և Ադրբեջանը պետք է տեղեկություն ներկայացնեն ՄԻԵԴ՝ նշված խախտումների կանխման ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին: