Սեպտեմբերի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։
Այս մասին տեղեկանում ենք Հայ Առաքելական եկեղեցու պաշտոնական կայքից:
Մինչ օրակարգի հարցերի քննությունը Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ աղոթք բարձրացվեց հայրենիքի սահմանների պաշտպանության համար զոհված հայորդիների հոգիների հանգստության համար։
Ժողովին անդրադարձ կատարվեց Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակում Արցախի ժողովրդի և հայոց բանակի աջակցությանն ուղղված՝ Մայր Աթոռի և թեմերի կողմից ձեռնարկվելիք քայլերին։
Վեհափառ Հայրապետը ժողովականներին տեղեկացրեց, որ մշտական կապի մեջ է Արցախի թեմի առաջնորդ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի և ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ։
Իրազեկվեց, որ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների առնչությամբ Ամենայն Հայոց Հայրապետի կողմից ուղերձներ են հղվել պետությունների ղեկավարներին, քույր Եկեղեցիների առաջնորդներին, կրոնապետերին և միջեկեղեցական տարբեր կազմակերպությունների ղեկավարներին։ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության գործում ԳՀԽ անդամները կարևորեցին նաև թեմերի աշխատանքը Քույր Եկեղեցիների, միջեկեղեցական ու միջկրոնական կազմակերպությունների հետ։
Առանձին քննարկման նյութ դարձավ գնդերեցների ծառայության և այս օրերին նրանց շարքերը համալրող, թեմերից Արցախ մեկնող եկեղեցականների հարցը։ Այս առնչությամբ տեղեկացրվեց, որ Մայր Աթոռի մի քանի միաբաններ և թեմերում սպասավորող եկեղեցականներ իբրև կամավորներ արդեն Արցախում են։
Ժողովի ընթացքում ցուցումներ տրվեցին վիրավոր զինվորների, զոհվածների ընտանիքների նկատմամբ հովվական խնամքի վերաբերյալ, կարևորվեց թեմերի համագործակցությունը ՀՀ Պաշտպանության նախարարության պատկան կառույցների հետ։
Ի զորակցություն Արցախի՝ Գերագույն հոգևոր խորհուրդը որոշեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջոցներից «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցել կես միլիոն ԱՄՆ դոլար գումար։