Ինչո՞ւ տղային չընդունեցին ֆիզկուլտ ինստիտուտ պետպատվերի շրջանակներում

Ա.Ա.-ի օրինական ներկայացուցիչ Ռուբեն Այվազյանը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կրթության և գիտության նախարարության` 31.05.2012թ. թիվ 04/06.2/5648-12 միջամտող վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին։

Ռուբեն Այվազյանը հայտնել է, որ 1994թ. Տավուշի սահմանային շրջանում պաշտպանության համար մղված մարտական գործողությունների ժամանակ` մարտական առաջադրանք կատարելիս, հակառակորդի արձակած արկի մոտակա պայթյունից վիրավորվել է և դարձել երկրորդ խմբի հաշմանդամ։ Որդին 23.05.2012թ. որդու` Ա.Ա.-ի գործերը Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ հանձնելու ժամանակ պարզել է, որ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածը չի գործում։ Նույն օրը դիմել է Թեսթավորման կենտրոնի իրավաբանական բաժնի պետին, որը պատասխանել է, որ իբր ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիներին է տրվում մրցույթից դուրս, պետական բյուջեի միջոցների հաշվին պետական ուսումնական հաստատություններ ընդունվելու հնարավորություն։

Հայցվորի պնդմամբ՝ զինվորական հաշմանդամի վկայականը ապացուցում է, որ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի համաձայն իր որդին իրավունք ունի ընդունվել մրցույթից դուրս պետական բյուջեի միջոցների հաշվին Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ։ 24.05.2012թ. պատասխանողին դիմում է ներկայացրել հետևյալ բովանդակությամբ. «Որդուս թույլատրել ընդունվել մրցույթից դուրս, պետական բյուջեի միջոցների հաշվին Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի կարատեի բաժին»։

Սույն գործով վարչական դատարանը գտել է, որ հայցը ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ:

Ակտի անվավերության հիմքում Հայցվորը դրել է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածը` պնդելով, որ այդ իրավանորմը կիրառելի է եղել նաև իր երեխայի նկատմամբ։ Դատարանը գտնում է, որ ՀՀ օրենքի 37-րդ հոդվածը Հայցվորի երեխայի նկատմամբ կիրառելի չէ, քանի որ վերջինս չի հանդիսանում ոչ զոհված (մահացած) զինծառայողի երեխա և ոչ էլ ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացի, հետևաբար վերջինս չի կարող օգտվել ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով սահմանված արտոնություններից։

Դատարանը վճռել է հայցը մերժել: Հայցվորը սույն գործով դատարանի կայացրած վճռի դեմ բերել է վերաքննիչ բողոք:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել