Օրենսդիրը վարչական պատասխանատվություն է նախատեսել դեղատնային գործունեության ընթացքում թույլ տրվող և հնարավոր խախտումների համար: Այժմ քննարկենք դրանք առանձին-առանձին:
Այսպես` դեղատների կամ դեղատնային կրպակների կողմից հիմնական դեղերի ցանկին համապատասխան նվազագույն տեսականին չունենալը առաջացնում է նախազգուշացում:
Նշված արարքը կրկին անգամ կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 20 000 դրամի չափով։
Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` Հայաստանի Հանրապետությունում նոր դեղերի կլինիկական հետազոտությունների անցկացման կարգը խախտելու համար նախատեսված է տուգանքի նշանակում՝ 100 000-200 000 դրամի չափով։
Հայաստանի Հանրապետությունում չգրանցված դեղեր ներմուծելը կամ արտադրելը կամ պահպանելը կամ բաշխելը կամ իրացնելը կամ կիրառելը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 100 000-150 000 դրամի չափով։
Դեղատներում և դեղատնային կրպակներում ոչ մասնագետի կողմից այնպիսի աշխատանքներ կատարելը, որը, համաձայն օրենսդրության, պետք է կատարվի միայն համապատասխան մասնագետի կողմից` առաջացնում է տուգանքի նշանակում աշխատանքները կատարողի նկատմամբ` 30 000 դրամի չափով, իսկ գործատուի նկատմամբ` 50 000 դրամի չափով:
Դեղատների կամ դեղատնային կրպակների կողմից առևտրի համար նախատեսված սրահներում պիտանիության ժամկետն անցած դեղեր պահելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 50 000 դրամի չափով։
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից պիտանիության ժամկետն անցած դեղեր կիրառելու համար սահմանված է պատասխանատվություն` տուգանքի նշանակում՝ 100 000 դրամի չափով։
Իսկ վերոնշյալ արարքները կրկին անգամ կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար նախատեսված տուգանքի չափերի կրկնապատիկի չափով։
Աղբյուրը` Իրավաբան.net