Արցախի ՊԲ հրամանատարը դատապարտում է թուրքական F-16-ի կողմից ՀՀ Զինված ուժերի ինքնաթիռի խոցումը

Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտում է սեպտեմբերի 29-ի առավոտյան Հայաստանի տարածքում թուրքական F-16-ի կողմից ՀՀ Զինված ուժերի ինքնաթիռի խոցումը: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, թե ինչպես է ՊԲ հրամանատարը մեկնաբանում թուրքական F-16-ի կողմից ՀՀ տարածքում ՀՀ զինված ուժերին պատկանող ինքնաթիռի խոցումը, Հարությունյանը նշեց, որ արարքը դատապարտելի է, իսկ ՊԲ-ն դիմելու է անհրաժեշտ ինքնպաշտպանական միջոցների` հակամարտության գոտում թուրքական օդուժի գործողությունների դեմ:

«Այսօր Հայաստանի Հանրապետության օդային տարածքում թուրքական F-16 ինքնաթիռի կողմից խոցվել է հայկական ՍՈՒ-25 ինքնաթիռը: Մենք դատարարտում ենք այս ուխտադրուժ հարձակումը: Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Արցախի Պաշտպանության բանակը դիմելու է անհրաժեշտ ինքնպաշտպանական միջոցների` հակամարտության գոտում թուրքական օդուժի գործողությունների դեմ»,- ասաց Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել