«Թամրազյան ջան. հարգանքներս, ընկե՛րս»․ Ա․ Ալեքսանյանը՝ հրաժարականի դիմում ներկայացրած ԿԳՄՍ փոխնախարարին

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի, Աշխարհի ու Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ինստագրամի իր էջի սթորի բաժնում նկար է հրապարակել ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ ու գրառում կատարել.

«Թամրազյան ջան. հարգանքներս, ընկե՛րս»,-գրել է Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ երեկ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) փոխնախարար Գրիշա Թամրազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Թամրազյանը ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականի հունիսի 4-ից: Նա սպորտի գծով փոխնախարար էր ԿԳՄՍ նախարարությունում։

Արթուր Ալեքսանյանը իր աջակցությունն էր հայտնել մայիսին աղմուկի կենտրոնում հայտնված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանին: Այն բանից հետո, ինչ Գևորգ Լոռեցյանը կալանավորվել ու հեռացվել է պաշտոնից, Թամրազյանը, կրթական մի քանի ոլորտներից զատ, ԿԳՄՍՆ-ում համակարգում էր նաեւ սպորտի ոլորտը: Նրա վերաբերյալ տեղեկություններ են տարածվել, ըստ որոնց, փորձել էր հարաբերություններ պարզել Բարձրագույն որակավորման կոմիտեի՝ արդեն նախկին նախագահ Սմբատ Գոգյանի հետ իր մասին վերջինիս խոսքերի համար: Տեղեկություններ կան նաեւ, որ Թամրազյանը հրավիրվել էր ԱԱԾ՝ հարցաքննության: Արթուր Ալեքսանյանն այս ամենի հետ կապված գրառում էր հրապարակել «Ինստագրամ»-ի «Սթորի» բաժնում: Նշել է, որ ինքն ու հաջողությունների հասած այլ մարզիկներ աջակցում են Թամրազյանին:

«Մենք՝ Հայաստանի պատիվը միջազգային հարթակներում բարձր պահած մարզիկներս, մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանին: Վերջին օրերին տարբեր անհատների, կազմակերպությունների և լրատվամիջոցների կողմից փորձ է արվում արատավորել մի մարդու, ով շատ կարճ ժամանակահատվածում արժանացել է մեր հարգանքին՝ իր բարձր պրոֆեսիոնալիզմի, ազնվության և մարդկային հատկանիշների շնորհիվ: Կոչ ենք անում դադարեցնել անհիմն սկիզբ առած արշավը Թամրազյանի տեսակի դեմ: Մեր տեսակը հաղթող տեսակ է»,- գրել էր նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել