Չեմ կարող չխոսել մեր ընկեր և գործընկեր Գայանե Աբրահամյանի՝ մանդատը վայր դնելու որոշման մասին։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Միքայել Զոլյանը:
«Շատ եմ ցավում, որ Գայանեն որոշում է ընդունել հեռանալ ԱԺ-ից։ Իմ կարծիքով, նրա որոշումը հետևանքն է այն հանգամանքի, որ չի կայացել պատգամավորներ-քաղաքացիական հասարակություն երկխոսությունը։ Նման իրավիճակում, երբ պատգամավորներ-քաղհասարակություն երկխոսությունը բացակայում է կամ անարդյունավետ է, այն պատգամավորները, ովքեր դուրս են եկել քաղաքացիական հասարակությունից, հայտնվում են շատ տհաճ մի իրադրության մեջ, և մանդատը վայր դնելը այդ իրադրությունից դուրս գալու միջոցներից մեկն է։ Չեմ կարծում, որ դա լավագույն միջոցն է, հետևաբար չեմ ողջունում Գայանեի որոշումը, բայց մարդկային առումով կարող եմ նրան հասկանալ։
Այս պահին չեմ ուզում մեղավորներ փնտրել։ Ենթադրում եմ, որ չկայացած երկխոսության կողմերից յուրաքանչյուրը հակված կլինի մյուսին մեղադրել։ Եթե հարցնենք պատգամավորներին, այդ թվում ինձ, հավանաբար, ավելի հակված կլինենք մեղադրել քաղաքացիական հասարակության մեր ընկերներին։ Քաղհասարակության մեր ընկերներն էլ երևի մեզ կմեղադրեն։
Եկե՛ք այդ ճանապարհով չգնանք։ Փաստն այն է, որ երկխոսությունը չի կայացել, և դրա պատասխանատվությունը կրում ենք մենք բոլորս։ Եկե՛ք բոլորս՝ թե՛ պատգամավորները, թե՛ քաղհասարակությունը, թե՛ ակտիվիստները մտածենք այն մասին, թե մեզնից յուրաքանչյուրն ինչ կարող է անել, որ այդպես չլինի։ Որովհետև համոզված եմ, որ Գայանե Աբրահամյանի նման փայլուն պատգամավորի հրաժարականից չի շահում ո՛չ Ազգային Ժողովը, ո՛չ կառավարող թիմը, ո՛չ քաղաքացիական հասարակությունը, ո՛չ էլ քաղաքացիական ակտիվիստները։
Հույս ունենանք, որ Գայանե Աբրահամյանի որոշումը առիթ կդառնա, որ մենք սկսենք փնտրել և գտնենք պատգամավորներ-քաղհասարակություն շփման նոր մոդել և նոր լեզու։ Շատ ափսոս կլինի, եթե դա մեզ չհաջողվի»,-նշել է նա։